«Գոնե ընտանեկան նկարները հասցրած բերած լինեինք…». մոր սիրտը կանգ առավ Արցախից գաղթի ճանապարհին

«Գոնե ընտանեկան նկարները հասցրած բերած լինեինք…». մոր սիրտը կանգ առավ Արցախից գաղթի ճանապարհին

Կարմիր Շուկայի բնակիչ Մարիա Ղարիբյանը 62 տարեկան էր։ Դուստրը՝ Հերմինեն, MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ չնայած պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակին, մաթեմատիկայի ուսուցչուհին նախորդ տարիների ջանասիրությամբ է պատրաստվել նոր ուսումնական տարվան։ 

«Բայց տարին բոլոր առումներով իր համար վերջինն էր»,- հուզմունքը մի կերպ զսպելով ասում է Հերմինեն։ Մարիա Ղարիբյանն արցախցի այն 65 քաղաքացիներից մեկն է, որ մահացել է գաղթի ճանապարհին։ 

«Մեկ տարի առաջ, երբ սկսվեց պատերազմը, մենք Կարմիր Շուկայում էինք, նույն օրը երեկոյան փակվեցին Մարտունու շրջանը Ստեփանակերտին կապող հիմնական ու այլընտրանքային ճանապարհները ու մենք մեր շրջանում հայտնվեցինք լիակատար պաշարման մեջ։ Քանի որ բնագծին մոտ էինք, մեզ տարհանեցին ավելի բարձրադիր գյուղեր։ Մենք ապաստանեցինք Կոլխոզաշենում։ Բոլորիս համար դա շատ ծանր օրեր էին, առավել շատ մորս, որ լուռ տանում էր իր ցավը, առանց բարձրաձայնելու ապրումների մասին»,- հիշում է Հերմինե Քոչարյանը։ 

Կապի բացակայության պատճառով Մարիան 3 օր որևէ լուր չի ունեցել դիրքերում գտնվող որդու և դստեր ամուսնու մասին։ 

«Չի կիսվել, չի խոսել դրա մասին, բայց մենք հո տեսնում էինք, թե ինչպես էր տառապում»։

Սեպտեմբերի 25-ին դեպի Ստեփանակերտ ճանապարհը բացվեց բնակչությանը տարհանելու համար։ Մեկ մեքենայի մեջ 12 հոգով տեղավորվել ու ճամփա են ընկել նաև Մարիայի ընտանիքի անդամները, առանց իրենց գյուղ վերադառնալու, առանց որևէ կարևոր իր կամ ունեցվածք վերցնելու։  

«Սեպտեմբերի 26-ի լուսաբացին արդեն հասել էինք Ստեփանակերտ, այնտեղից ճանապարհվել Երևան։ Մայրս առողջական լուրջ խնդիրներ ու բողոք չի ունեցել, թեպետ գաղթի ճանապարհը սովորականից ավելի երկար էր, տեսարանները՝ սարսափեցնող, ապրումներն աննկարագրելի։ Հակարի կամուրջ հասնելու համար դեռ 8-10 կիլոմետր կար։ Դե գիտեք, նույն տեղում, նույն վայրում ժամերով կանգնում էինք։ Սեպտեմբերի 28-ին, երբ հերթական անգամ կանգ առանք, մայրս իջավ մեքենայից, որ բեռնախցիկից բան վերցնի, ասաց՝ «գլխապտույտ ունեմ, ոչինչ չեմ զգում, լավ չեմ»։ Ամեն ինչ կատարվեց վայրկենական, մորս սիրտը կանգ առավ՝ դեռ Հակարի չհասած»։

Հերմինեի խոսքով՝ իրենց հարևանի օգնությամբ Մարիա Ղարիբյանին շտապ տեղափոխել են Հայաստան։ Կամրջին ռուս և ադրբեջանցի բժիշկները նայել են, ասել, որ այլևս ուշ է։ 

«Բժիշկներն ասել են, որ մայրս մահացել է սրտի կանգից։ Համոզված եմ, կուտակված սթրեսների, հայրենիքը կորցնելու ցավի հետևանք էր մորս մահը»,- ասում է դուստրը։ 

Դժոխքի ճանապարհին մահացած 62-ամյա կնոջ մարմինն ամփոփվել է Մասիսի քաղաքային գերեզմանատանը։ Հերմինեն ափսոսում է, որ գոնե ընտանեկան նկարները չեն հասցրել բերել, այնտեղ իրենց ամենաերջանիկ օրերն էին, որ այդպես էլ մնացին օկուպացված Արցախում։  Ունեցած նկարները Հերմինեին փոխանցել են մոր՝ ընկեր Ղարիբյանի աշակերտները։

Հունան Թադևոսյան