Փաշինյանն իր ասուլիսում միացրեց ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյատևման հետհաշվարկի ժամացույցը

Փաշինյանն իր ասուլիսում միացրեց ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյատևման հետհաշվարկի ժամացույցը

Փաշինյանն իր վերջին ասուլիսում միացրեց ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյատևման հետհաշվարկի ժամացույցը՝ մարտահրավեր նետելով հայ հասարակությանը։ Նա բացեիբաց խոստովանեց, որ հանձնելու է ոչ միայն Արցախը, այլև այն ամենը, ինչ իրենից կպահանջեն, մնում է հասկանալ՝ այս կործանարար ընթացքի դեմն առնող կա՞։

Հստակ հաշվարկված ուղերձներ հղելով իր մոլորյալներին, Ադրբեջանին, Ռուսաստանին՝ նա հերթական անգամ ապացուցեց, որ ոչ թե սակավամիտ է կամ անմեղսունակ, այլ սառնասիրտ մոլագար՝ սթափ դատողությամբ, որը կանգ չի առնի ոչնչի առաջ։ Նրան ձեռնտու է անընդհատ լարված, շիկացած մթնոլորտը, ոչ թե լիցքաթափումը, նրան պետք են նոր ընտրապայքարներ ու հանրաքվեներ, ոչ թե մոռացում ու անտեսում։ Նա վստահեցնում է, թե պատրաստ է կրել իր բաժին պատիժը, բայց ժամանակին անգամ փողոցում կռիվ չի արել, ծեծ չի կերել, որ հասկանար պատվախնդրության, «ոչ» ասելու խիզախության գինը։

Փաշինյանն իրեն դիրքավորում է որպես անխուսափելիորեն խորտակման գնացող նավի նավապետ՝ հանրությանը դրդելով համակերպվել այդ նավաբեկության փաստի հետ։ Ցավոք, հանրային հիշողությունը կարճ է, այլապես նրան կհիշեցնեին, թե, օրինակ, այդ ինչպե՞ս էր Սերժ Սարգսյանին հաջողվում պետության նավն անվթար հասցնել նավահանգիստ Հյուսիսի և Արևմուտքի միջև կոշտ հակասությունների, Թուրքիայի և Ադրբեջանի սրված ախորժակի պայմաններում։

Այդ ինչպե՞ս եղավ, որ 2016-ի ապրիլյան մարտերում, երբ նվազագույն կորուստներով կասեցվեց թշնամու առաջխաղացումը, մեղադրանքի սլաքներն ուղղվեցին Սերժ Սարգսյանի դեմ, իսկ պարտություն բերած և Արցախը հանձնած Փաշինյանը դեռևս շատերի համար անխոցելի է։ Ապրիլյան պատերազմի հետ համեմատությամբ՝ 2020-ին ընդամենը ռազմաքաղաքական հրամանատարությունն էր փոխվել, բայց բանակը հո նո՞ւյնն էր։

Ստացվում է՝ զինվորին նահանջի հրաման տվողը, մարտադաշտում նրան միայնակ թողնողն է որոշել այս պատերազմի իրական ելքը։ Այսքանից հետո Փաշինյանի ցինիզմը դեռ բավում է մեղադրելու գերեվարված, նույնիսկ անհետ կորած և զոհված զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Սա այն դեպքում, երբ 2020-ի հուլիսին ինքն էր Տավուշում պատերազմ սադրում, ապա Սարդարապատից սպառնում Թուրքիային ու Ադրբեջանին, պնդում, թե հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ դերակատարում ունի։

Ժամանակին Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին Հայաստանն ամբողջապես ռուսական կողմնորոշման տանելու, Կրեմլի օժանդակությամբ գործելու հարցում, անգամ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայով լսումներ էր նախաձեռնում։ Նրա դավադիր ղեկավարման ներքո Հայաստանն այսօր ամբողջապես դարձել է Անկարայի և Բաքվի շահերի սպասարկուն և աջակիցը, ընդ որում՝ անվերապահ և անթաքույց։ Հայկական Արցախի դեմոնտաժից, Արցախի դեռևս հայապատկան հատվածի՝ Ադրբեջանին նվիրելուց, այնտեղից ռուսական խաղաղապահ զորակազմը հանելուց հետո Փաշինյանը վստահաբար նախաձեռնելու է նաև Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերում։ Բոլոր նրանք, ովքեր չեն տեսնում այս ռիսկը կամ գերադասում են այն չնկատելու տալ, զբաղվում են ինքնախաբեությամբ։

Ընդդիմության շրջանակների հարցում տարբեր նախընտրություններով հանդերձ՝ հանրությունը պետք է ունենա համերաշխության և միասնականության առաջնային հղացք՝ ազատվել թշնամական և պետականաքանդ վարչախմբից։ Ընդհանուր սեղանի շուրջ խմբվել դեռևս չի ստացվում, պայքարի տարանջատ օջախներ ու բևեռներ կան։ Բայց անձինք երկրորդային են, կարևորը համակարգն ու թիմն է, որը պիտի գա՝ փոխարինելու դավադիր վարչախմբին։

 

Դավիթ Սարգսյան