Պատերազմի դաշտում էի, երեխաս մահացավ, թաղմանը չեկա, ես այդ մարդն եմ․ Մելիքսեթ Պողոսյան
Պատմության մեջ ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է։ Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե իրեն հանրությունն ընկալում է որպես այս իշխանության կողմնակից։
Նրա խոսքով՝ ինքն այն մարդն է, որ իննսունականներին մարտի դաշտից չի եկել անգամ իր երեխայի թաղմանը մասնակցելու։
«Վազգեն Սարգսյանը կոլեգիայում ասում էր՝ Մելոն կա, հաղթում ենք, Մելոն չկա՝ պարտվում ենք։ Ես էդ հրամանատարն եմ»,- նշեց նա։
Հարցին, բայց այդ դեպքում Փաշինյանի կողքին ի՞նչ գործ ունի, Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց՝ ես իմ պետության կողքին եմ, մեր իշխանության կողքին։
«Իմ կուսակցությունն իմ հայրենիքի պաշտոնն է։ Ես մարզպետ դարձա, բոլոր հրամանատարներն ասացին՝ եթե դու ես դառնում մարզպետ, ամեն մեկս երկու հարյուր հոգի վերցնում ենք, գանք Սյունիքը պահենք»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ Սև լիճը չպահեցին, ասացին՝ թշնամին մոլորվել է, Մելիքսեթ Պողոսյանն արձագանքեց՝ Սև լիճը արդեն բանակի խնդիրն էր։
«Ես հարավային հատվածի հարցն էի լուծում»,- նշեց նա։
Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ թշնամին հինգ կմ հատվածի վրա եկել ու մխրճվել է Տեղ համայնք։ «Որտեղ խաղաղապահներն էին, այդ հատվածում եկան, մխրճվեցին»,- նշեց նա։
Այս պահին, ըստ Պողոսյանի, այդ հատվածը դեռևս սահմանապահ զորքերը չեն հսկում։
«Էս պահին ինժեներական աշխատանքներ չեն տարվում, քանի որ կրակոցներ կան թշնամու կողմից»,- ներկայացրեց Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։