Մայր Աթոռը միշտ վեր է հառնել իր հավատավոր զավակների շնորհիվ. Մուշեղ Սրբազան (Ֆոտոշարք)

Մայր Աթոռը միշտ վեր է հառնել իր հավատավոր զավակների շնորհիվ. Մուշեղ Սրբազան (Ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: 

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին: Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Մուշեղ եպիսկոպոս Բաբայան,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ.

«Հակառակ պատմության ընթացքում Մայր Աթոռին բաժին ընկած տառապանքներին ու փորձություններին, այն միշտ վեր է հառնել իր հավատավոր զավակների շնորհիվ, որոնց անսակարկ սերն առ Էջմիածինը մղել է իրենց զոհողությունների:

Սերը, գորովանքն ու նվիրումն առ Սուրբ Էջմիածինն անչափելի է, անկշռելի և անգնահատելի: Մեզանից ոմանք սիրում են իրենց մշտական աղոթքով նրա անսասանության համար, ոմանք իրենց սերն արտահայտում են սրտաբուխ և կամ առատաձեռն նվիրատվությամբ՝ նրա շենության ու պայծառության համար: Ոմանք էլ իրենց սերը փոխանցում են նրանց, ում պատմում են հրաշագործ նրա զորության ու փառքի մասին՝ տարածելով ամենուր սուրբ տաճարի Աստվածահաստատ հռչակը։ 

Այսօր էլ ապրում է Սուրբ Էջմիածինը։ Մեր հավատքի շնորհիվ, մեր աղոթքների ուժով է, որ քարեղեն շինվածքից այն դարձել ու մնում է աղոթքի տուն և սնող մայր: Ուխտեք հաճախ այցելել Սուրբ Էջմիածին, զորանալ նրանով և զորացնել նրան, ապրել ու շնչել Էջմիածնով, շենացնել այն և պայծառանալ հայոց եկեղեցիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով:

Ազգեր ելան և գնացին անհետ: Արհավիրքներ բարձրացան, բայց Քրիստոսի հավատքին փարված մեր հայոց ազգը Խաչով և Էջմիածնում բարձրացված Հայրապետական ու Հանրապետական մաղթանքների զորությամբ դիմակայեց: Էջմիածինն է, որ դարեր ի վեր մեր անօրինակ պատմության ընթացքին իբրև սիրասուն մայր սնեց և որպես ամուր վահան պահպանեց մեզ՝ հասցնելով 21-րդ դար»։