Փաշինյան-Հարությունյան-Ալիև եռյակը կատարեց Ադրբեջանի պահանջը․ Դավիթ Գալստյան

Փաշինյան-Հարությունյան-Ալիև եռյակը կատարեց Ադրբեջանի պահանջը․ Դավիթ Գալստյան

Արդեն հայտնել ենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին։

Այս ամենը տարակուսանք է առաջացրել Արցախում, քանի որ Հարությունյանը որևէ հիմնավորում չի ներկայացրել պետնախարարին պաշտոնից ազատելու համար, այլ, պարզապես, շնորհակալություն է հայտնել Վարդանյանին։ 

«Ի՞նչ է ստացվում, որ Վարդանյանին հեռացրին, քանի որ Ալիևն է այդպես ցանկանո՞ւմ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ 

Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանն այս քայլին գնաց Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպումից հետո, երբ Իլհամ Ալիևը հստակ պահանջ ներկայացրեց՝ «ՌԴ քաղաքացի Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա Արցախից»։ 

«Այս ամենն արվեց Ալիև-Փաշինյան-Հարությունյան եռյակի փոխհամաձայնությամբ։  Նրանք կատարեցին թշնամու կամքը»,- ասաց պատգամավորը։

Նա նկատեց՝ եթե վաղը կամ դրա հաջորդ օրն Արցախը Հայաստանին կապող ճանապարըհը բացվի, տարակուսանք է առաջանալու, թե ինչի՞ արդյունք է դա՝ Հաագայի դատարանի վճռի՞, թե՞՝ Վարդանյանի հեռացման ու Ալիևի կամքի կատարման։

«Շատ են մտահոգությունները․ մենք դրանց մասին ընդդիմադիր երեք քաղաքական ուժերով երեկ հայտարարություն տարածել էինք, որ պետք չէ գնալ նման քայլի ու հրաժարվել մեր որդեգրած պայքարի ուղուց»,- նշեց նա։ 

Դավիթ Գալստյանի դիտարկմամբ՝ երբ Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հրապարակային խոսքում շեշտում է, թե Ռուբեն Վարդանյանը խանգարում է Արցախի ու Ադրբեջանի միջև ռեինտեգրացիայի գործին ու երբ առանց որևէ հիմնավորման, զուտ շնորհակալական խոսքով մարդուն ազատում են աշխատանքից, մարդիկ կարող են հանգիստ մտածել, որ ազատողները համաձայն են մտքին, թե Արցախը պետք է ռեինտեգրացիայի ենթարկվի Ադրբեջանի հետ։

Նարե Գնունի