Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ֆրանցիսկոս Պապը

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ֆրանցիսկոս Պապը

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ Նրա խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։

Ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։

Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ Նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։

Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Առանձնազրույցից հետո Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Աննա Հակոբյանին, դստերը և ուղեկցող պատվիրակության անդամներին։