«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպան

Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանն ասել է, որ «այնպիսի բան, որը տեղի է ունեցել, կարող էր միայն Բաքվի բանտում տեղի ունենալ»։
«Սամվելին չոքացնում են, գլխին հարվածում են, հետո սկսում են ձեռքերով հարվածել: Դա զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով` արժանապատվությունը նվաստացնող: Հետո ստիպում են, որ այդ հայհոյանքները կրկնի, նա չի կրկնում, թքում են վրան: Հետո իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում: Ծեծը տևել է 3-4 րոպե, հետո քաշելով հետ են բերել, ուղեկցող ոստիկանները հետ են եկել: Սամվելը հեռացել է, ասել են քեզ ինչ եղավ, նոր լավ էիր, իբր տեղյակ չեն»,– ասել է Հարությունյանը։
Իր հերթին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ երեկ կեսգիշերին տեղի է ունեցել մի աննախադեպ բան, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների ռեժիմի հետագա դեկրատացիայի մասին է խոսում և հերթական քայլն է դեպի գահավիժում։
«Տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ, ով գտնվում է պետության լիակատար պատասխանատվության ներքո, պետությունը ոտքով, գլխով պատասխանատու է այդ անձի համար, որովհետև նա ձերբակալված է։
Այս նոր ձեռագիրը չպետք է գործելաոճ դառնա»։