Նիկոլի Սարիկը սպառնալիք է, Էդգար Ղազարյանը միակը չի լինի. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից ուժայիններին հրահանգ են իջեցրել, որ յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ, կառույցի ներկայացուցիչ, որը կհամարձակվի քննադատել դատական համակարգի ներկայացուցիչներին, խստագույնս կպատժվի։
Հրահանգված է՝ դատական իշխանությունների, իրավապահների հասցեին ոչ հաճելի ձեւակերպումներով ելույթները, հարցազրույցները չպետք է անպատիժ մնան, նման արտահայտություններ անողներին պետք է ենթարկել քրեական պատասխանատվության:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս թեմայով ՍԴ նախկին դատավոր Վահե Գրիգորյանն է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր բողոքն արտահայտելով իրավապահներին դատավորներին քննադատելու երեւույթից: Նա պնդել է քանի որ գնում է ՄԻԵԴ, իսկ նրա անվան եւ համբավի վերաբերյալ արդեն իսկ վատ ասոցիացիաներ են ձեւավորվել, պետք է քայլեր ձեռնարկել: Նա դժգոհել է, որ վատ համբավի ձեւավորման պատճառը եղել են Էդգար Ղազարյանի քննադատությունները, մասնավորապես այն, որ Ղազարյանը եթերում ասել է, որ Վահե Գրիգորյանն ապօրինի է դարձել ՍԴ փոխնախագահ, ինչպես նաեւ այն, որ ուղիղ եթերների ընթացքում նրա կողմից հնչեցվել են արտահայտություններ, որ Սահմանադրական դատարանը չեզոքացրել է Անկախության հռչակագիրը, որի իրավունքը չուներ, եւ որ այդ որոշումը կայացնող դատավորները կա՛մ տգետ են, կա՛մ դավաճան։
Հենց այս բողոքի ձայնից հետո էլ իրավապահները փութաջանորեն գործի լծվեցին, որպեսզի Էդգար Ղազարյանի նկատմամբ իրավական գործընթացներ սկսվեն: Ղազարյանի օրինակով Փաշինյանը նպատակ ունի ցույց տալու հանրությանը, որ ով կհամարձակվի դատավորի հասցեին վատ արտահայտվել՝ կարժանանա նույն ճակատագրին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունների հրահանգով սկսվել է բոլոր ընդդիմադիրների «խոսքի ուսումնասիրություն» եւ ովքեր դատաիրավական կամ իրավական ոլորտի ներկայացուցչի հասցեին վատ կարտահայտվեն, նրանց հետեւից «գնալու են»: Այսինքն` Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է եւ Էդգար Ղազարյանի դեպքը չի մնա եզակի»:
«Հրապարակը» գրում է ․ Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին․ ավտոպարկը կրճատեց, նրանց ենթակայությունից հանվեցին դպրոցները, հիմա՝ հիվանդանոցները: Դրանք հանձնվեցին ԿԳՄՍՆ-ին եւ առողջապահության նախարարությանը։ Տպավորություն է, որ շուտով փակելու է մարզպետարանները` հայտարարելով, թե «Հայաստանից արմատախիլ արեց հին ֆեոդալական ինստիտուտը»։ Իրականում, ոլորտից տեղյակ անձի կարծիքով, իշխանության ու ռեսուրսների կենտրոնացում է արվում՝ ամենայն հավանականությամբ, գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Դպրոցները, հիվանդանոցները, սոցծառայությունները մեծ ադմինիստրատիվ ռեսուրս են, ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր նշանակած մարզպետներին ու որոշել է այդ ռեսուրսն անձամբ կառավարել։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ներկայիս մարզպետերն իսկապես կշիռ եւ հեղինակություն չունեն իրենց տարածքներում, ինչպես նախկին մարզպետները։ Խոշորացված համայնքների ղեկավարներն ավելի շատ լծակներ ունեն, եւ ներմարզային հարաբերություններն ավելի շատ համայնքապետերը, քան մարզպետներն են կառավարում։ Բնականաբար, ընտրողի քվեն էլ նրանք են ուղղորդելու դեպի ՔՊ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, բոլորովին վերջերս ՔՊ-ին անդամակցած Սարիկ Մինասյանը հայտնվել է բավականին ծանր վիճակում: Մեզ տեղեկություններ են հասնում, որ Մինասյանի դեմ ակտիվ պայքար են մղում ոչ միայն մյուս թեկնածուները, այլեւ մարզի ՔՊ-ականները, եւ դա խորքային պատճառ ունի. 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ Փաշինյանը սկսել է ընտրություններում առաջադրել մարդկանց, ովքեր, մեղմ ասած, հեռու են եղել 2018 թվականի իրադարձություններից ու «քայլած» չեն: Իսկ իր հետ «քայլածներով» հաջողության հասնելը Փաշինյանի համար դառնում է գրեթե անհնարին, ուստի փրայմերիզներով նա սկսել է ներգրավել թարմ դեմքերի՝ դրանով իսկ սահուն կերպով ազատվելով իր հետ քայլած, բայց, ըստ էության, հանրապետությունում ազդեցություն չունեցող ՔՊ-ականներից: Նման իրավիճակ է նաեւ Փարաքար համայնքում, որտեղ թեկնածուն նույնպես ընտրվել է փրայմերիզով ու «քայլած» չէ: Փաշինյանի նման դիրքորոշումը բնական է, քանզի իր թիմակիցները պարտություն են կրել հանրապետության համայնքների մեծագույն մասում, այդ թվում խոշոր քաղաքներում՝ Կապան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան եւ բազմաթիվ խոշորացված համայնքներում, իսկ Երեւանում Ավինյանը քաղաքապետ դարձավ կոալիցիայով՝ չնայած որ ընդդիմության միավորման դեպքում նա չէր դառնա քաղաքապետ:
Ու նկատենք, որ նույն ծանր վիճակում է ՔՊ Երեւանի կառույցը:
Փաստացի, ՔՊ-ի «հին» կազմը քաղաքական բեռ է Նիկոլի համար, իսկ այդ մարդկանց իր հետեւից տանելը դառնում է դժվար. ուստի թարմ դեմքերի հոսք է սպասվում 2026 թվականի ընտրություններից առաջ: Կարճ ասած, եթե Գյումրիում հաղթում է Սարիկ Մինասյանը, ապա մեկնարկելու է ՔՊ-ն քաղաքական 0-ներից մաքրելու գործընթացը, իսկ այս ամենը ողնաշարով զգացող կուսակցականների համար Սարիկն ու իր նմանները դառնում են ոխերիմ հակառակորդներ:
Տպավորություն է, թե ՔՊ-ականները ուրախ կլինեն ընդդիմության հաղթանակով»: