Եթե բանակցողը Արցախն է, ինչի՞ ես դու փաստաթղթեր ստորագրում․ նստացույցս անժամկետ է․ Իսրայելյանը՝ Փաշինյանին

«Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանն այսօր վաղ առավոտից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անժամկետ նստացույց է սկսել՝ ի հակադրում ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած հակաարցախյան հայտարարությունների և պլանավորած գործողությունների։ MediaHub-ի հետ զրույցում Իսրայելյանը նշեց, որ իրականում գիտակցում է, որ պայքարը բարդ է լինելու, քանի որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ որևէ հայտարարություն, մտքեր չեն կարող հստակ փոփոխություն բերել։
«Նստացույցն իր տրամաբանական շարունակությունն է ունենալու, ես ուզում եմ, որ Արցախի ժողովուրդն էլ հասկանա, որ քիչ ժամանակ ունենք, իմ պատկերացմամբ՝ 7 օր։ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ասաց, որ փաստաթուղթ է ստորագրվելու, որը, հավանաբար, հունիսի 1-ին է լինելու։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը ծանր հետևանք է ունենալու մեզ համար։
Ադրբեջանն առաջնորդվելու է իր օրենքներով և Արցախում իր «կարգուկանոնն» է մտցնելու և որևէ միջազգային կառույց չի կարողանալու հետ պահել նրան։ Նպատակս այն է, որ հայաստանյան, արցախյան ժողովուրդը մեկ մարդու նման դուրս գա փողոց ու խանգարի, որ էդ մարդը որևէ թուղթ չստորագրի»,-ասաց նա։
Իսրայելյանի խոսքով՝ եթե Փաշինյանը ստորագրի այն փաստաթուղթը, որը հիմա օրակարգում է՝ Արցախն ամբողջությամբ կորցնելու ենք։
«Փաշինյանն առանց կաշկանդվելու էլ ասաց, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է։ Միակ տարբերակը ժողովրդի համախմբումն է. ինքը վախկոտ է, ինքը չի կարող այսքանիս դեմ գնալ, եթե մենք միասնական ու վճռական լինենք»,-ասաց նա։
Հիշեցմանը, թե Փաշինյանը երեկ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով, Իսրայելյանն արձագանքեց․
«Լավ, եթե այդպես է, ապա ինքն ի՞նչ կապ ունի փաստաթղթերի ստորագրման հետ, դե թող որևէ հարցի չխառնվի: Այսինքն, եթե հարցը վերաբերում է մեր անվտանգությանը, ապա մենք պետք է բանակցնենք, եթե հարցը հանձնել, լքել, թողնելն է՝ ինքը պետք է ստորագրի։ Քաղաքական խաղ է, որ իր վրայից գցում է․ որ բանակցողը մենք ենք, ինչի՞ պետք է դու ստորագրես, չե՞ս գիտակցում, որ քո ստորագրած խաղաղությունից հետո մենք այստեղ ստրուկ ենք դառնալու։ Փաշինյանը, գուցե, լուրջ առողջական խնդիրներ ունի, ինչի՞ են մարդիկ սուս-փուս հետևում իր արածներին»,- շեշտեց Իսրայելյանը։
Վերջինս հորդորեց հայերին, որպեսզի առաջիկա օրերին հստակ քայլեր ձեռնարկեն հայաստանյան իշխանությանը կործանարար գործողություններից հետ պահելու համար։
«Իսկ մեր կառավարությունից ի՞նչ սպասենք, մնում է մտածել, որ կա՛մ անճար են, կա՛մ էլ շատ լավ համաձայն են Փաշինյանի հետ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Լիաննա Թորոսյան