Մանիպուլյատորը

Իմ եզրակացությունն այն է, որ 1996թ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԼՂ հարց գոյություն չի ունեցել։ Գոյություն է ունեցել ՀՀ հարց, այն առումով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունը այլևս պատրաստ է եղել ու անփոփոխելի՝ արձանագրելով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին երեկ ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հերթական անգամ մանիպուլացնելով ԼՂ հարցի պատմությունը:
Եվս մեկ անգամ արձանագրենք, որ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն իրականում եղել է հայկական դիվանագիտության հաղթանակը, որովհետև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իրականում հակադրվելով միջազգային հանրությանը, վետո է դրել հեղինակավոր հավաքի եզրափակիչ փաստաթղթի վրա՝ հրաժարվելով ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս:
Ինչո՞ւ ենք այս փաստը համարում դիվանագիտական հաղթանակ:
Պատճառը շատ պարզ է՝ Մինսկի խմբի համանախագահները Լիսաբոնի գագաթնաժողովից ընդամենը ամիսներ անց, Հայաստանին ներկայացրել են կարգավորման փուլային տարբերակը, որտեղ այլևս ԼՂ կարգավիճակը չէր կանխորոշվում:
Այդպես է եղել կարգավորման բոլոր տարբերակների էությունը՝ մինչև 2022թ-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունը:
Անգամ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հայկական կողմի համար անբարենպաստ համատեքստով հանդերձ, չի կանխորոշել ԼՂ կարգավիճակը՝ երեք բաղադրիչով ընդգծելով նրա սուբյեկտայնությունը:
Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել է ունիտար Ադրբեջանի մաս՝ դրանից բխող կործանարար հետևանքներով:
Հենց այս պատասխանատվությունից է ուզում խուսափել Փաշինյանը՝ կեղծելով հակամարտության կարգավորման պատմությունը:
Վահրամ Բագրատյանը