Դատախազությունն ամեն գնով փորձում է Բախշիյանին պահել կալանքի տակ․ նիստը հետաձգվեց․ պաշտպան

Դատախազությունն ամեն գնով փորձում է Բախշիյանին պահել կալանքի տակ․ նիստը հետաձգվեց․ պաշտպան

ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ դատախազի բացակայության պատճառով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատախազը միջնորդել է դատական նիստը հետաձգել այն պարզաբանմամբ, որ մասնակցում է Դատախազության կոլեգիայի նիստին, բացի սա նաև նշել է, որ վերաքննիչ բողոքը չի ստացել։

«Այստեղ ակնհայտ երևում է Դատախազության վերաբերմունքը, ինչպե՞ս կարելի է կոլեգիայի նիստն ավելի կարևորել, քան մարդու ազատության իրավունքը»,-ասաց պաշտպանն ու հավելեց, որ երկրորդ անգամ է դատական նիստը հետաձգվում։

Ըստ նրա՝ Դատախազությունն ամեն գնով փորձում է Բախշիյանին պահել կալանքի տակ։

«Դատական համակարգն այլևս անկախ չէ, Բորիս Բախշիյանի գործը ևս սա է ցույց տալիս»:
Նշենք նաև,որ Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։



Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան