Անպատիժ ոստիկանները 

Անպատիժ ոստիկանները 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Փաշինյանի դասընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որ դարձել է գործող իշխանության «պահապան հրեշտակը»: 

Ինչո՞ւ է կասեցվել ծառայողական քննությունը 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: 

«Մեզ հետ զրույցում գործի կասեցման մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կամ վարույթ է հարուցվել, ոստիկանությունը որոշել է Ներքին անվտանգության վարչությունում առկա քննությունը կասեցնել մինչև այդ քրեական գործի ավարտը»,- գրել է թերթը:

Միջադեպից միայն մի քանի օր անց հարուցված քրեական գործով մինչև օրս որևէ ոստիկան կամ հրաման տվող սպա պատասխանատվության չի ենթարկվել: Նշենք, որ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, զոհվածների ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր: 

Իշխանությունը խրախուսում է իր «պահապաններին» 

Ինչպես ծառայողական քննությունն է կասեցվել, այնպես էլ, անկասկած, մի օր կկարճվի քրեական գործը ու այդպես էլ որևէ ոստիկան չի պատժվի, եթե նույնիսկ նրանք ձեռք են բարձրացրել զոհվածների ծնողների վրա: Չէ՞ որ ոստիկանության աշխատակիցների գազանաբարո վարքագիծը իշխանության քաղաքական հրահանգի հետևանք է:

Վահրամ  Բագրատյան