Անհետ կորածների ծնողները պահանջում են նաև ՔՊ-ի հետ հանդիպում․ Թովմասյան
Մենք այս Կառավարությունից այլևս հույս չունենք, սպասելիք չունենք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով անհետ կորած զինծառայողների հարազատների հետ փակ հանդիպմանը։
Նա նշեց, որ այս Կառավարությունը չի արել այն, ինչ պիտի աներ, և այժմ ինքը ծնողների ներկայացրածը միջազգային կառույցներին է հայտնելու։
Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ևս մեկ հանդիպում է լինելու ծնողների հետ, և յուրաքանչյուր տղայի մասին առանձին ինֆորմացիա է հավաքագրվելու ու ներկայացվելու միջազգային գործընկերներին։
«Ծնողներն ահռելի քննչական աշխատանք են արել, տեղազննում են իրականացրել, բջջային օպերատորից զանգերի մասին տեղեկանք են վերցրել. շատ անհամաձայնություններ ու անճշտություններ կան, ու բոլոր հարցերը պետք է քննարկման առարկա դառնան։ Եվ իրենք հենց դրանից են նեղսրտում, որ անտեսված են։ Ծնողները մեծ նիստ էին խնդրում հրավիրել, որին ներկա կլինեին նաև ՔՊ-կան պատգամավորները»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։