Ռուսաստանն ու Իրանը՝ գործընկերներ, թե՞ մրցակիցներ. Ո՞րն է Պուտինի այցի նպատակը Թեհրան

Ռուսաստանն ու Իրանը՝ գործընկերներ, թե՞ մրցակիցներ. Ո՞րն է Պուտինի այցի նպատակը Թեհրան

Ի՞նչ օգուտներ կստանա Իրանը Ռուսաստանի հետ գործակցելուց, երբ այդ համագործակցությունն էլ ավելի է ճնշելու իրեն համաշխարհային էներգետիկ շուկայում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այաօր՝ հուլիսի 19-ին Թեհրանում կհանդիպի Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Իբրահիմ Ռաիսիի հետ։ Պուտինի՝ հունիսի վերջին Տաջիկստան և Թուրքմենստան կատարած այցերից հետո, սա Ռուսաստանի ղեկավարի երկրորդ արտասահմանյան այցն է ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։

Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես կմիանա Վ. Պուտինի և Ի. Ռաիսիի բանակցություններին՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը, որում ներգրավված են բոլոր երեք երկրները:

Պուտինի այցն Իրան՝ Ռուսաստանին մարտական ​​անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին լուրերի ֆոնին

Մի շարք փորձագետների կարծիքով՝ Վ. Պուտինի և Ի. Ռաիսիի հանդիպումը խորհրդանշական է. այն թույլ կտա Ռուսաստանին և Իրանին, որոնք գտնվում են Արևմուտքի խիստ պատժամիջոցների տակ, ընդգծել իրենց ռազմական և տնտեսական համագործակցությունը և աշխարհին ցույց տալ, որ իրենք մեկուսացված չեն։ Վերջին շրջանում Մոսկվան և Թեհրանը ավելի ու ավելի են ընդհանուր լեզու գտնում, և երկու կողմերի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են առևտրա-տնտեսական, ինչպես նաև քաղաքական համագործակցության ընդլայնման պատրաստակամության մասին:

ՌԴ նախագահի՝ Թեհրան կատարվելիք այցը փորձագետների հատուկ ուշադրությանն է արժանանում, հատկապես , երբ անցյալ շաբաթ Սպիտակ տունը հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Իրանը պատրաստվում է Մոսկվային վաճառել մարտական ​​անօդաչու թռչող սարքեր՝ Ուկրաինայում օգտագործելու համար։ Մեկնաբանելով այս հայտարարությունը, Թեհրանը միայն նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Իրանի համագործակցությունը Ռուսաստանի հետ եղել է դեռևս ուկրաինական պատերազմի սկսվելուց։

Մյուս կողմից, Իրանի աճող դիվանագիտական ​​մեկուսացման ֆոնին Ռուսաստանի հետ առևտրի ընդլայնումը կարող է որոշակիորեն թեթևացնել տնտեսական բեռը: Իր հերթին, Ռուսաստանն Իրանին դիտարկում է որպես զենքի պոտենցիալ մատակարար, որը կարող է նաև կիսել սեփական փորձը՝ պատժամիջոցները շրջանցելու և սահմանափակումների տակ նավթ արտահանելու հարցում:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր, Թեհրանը և Մոսկվան, աջակցելով Դամասկոսում նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին, անշեղորեն ամրապնդել են իրենց ռազմական գործընկերությունը: Սակայն, մեծ հաշվով, այն մնացել է տարածաշրջանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մարտավարական համագործակցության մակարդակում:

Իրանի առաջնորդները միշտ ձգտել են զարգացնել կապերը Ռուսաստանի հետ: Միաժամանակ, ուկրաինական պատերազմի բռնկումից հետո Թեհրանը սկսեց ավելի կարևոր դեր խաղալ «Պուտինի դիվանագիտության» մեջ։  

Մրցակիցներ էներգետիկ շուկայում

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև առևտուրը զգալիորեն աճել է վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Հունիսի վերջին Աշխաբադում Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակում Ի. Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ Վ. Պուտինն ասել է, որ Իրանի հետ Ռուսաստանի առևտուրն անցյալ տարվա համեմատ աճել է 81 տոկոսով:

Չնայած դրան, երկու երկրների հարաբերությունները բարդանում են էներգետիկ խնդիրների պատճառով, քանի որ Ռուսաստանը գնալով կրճատում է Իրանի շուկայական մասնաբաժինը` փորձելով նոր գնորդներ գտնել սեփական նավթի համար:

Այս պահին Իրանը կարծեք թե զիջում է Ռուսաստանին էներգակիրների շուկայում իր ունեցած, առանց այն էլ համեստ նավթի մասնաբաժնով: Օրինակ, վերջին երեք ամիսների ընթացքում Իրանի վերամշակված արտադրանքի ամսական արտահանումը նվազել է 430,000-ից մինչև 330,000 տոննա. Այդ մասին հունիսի վերջին հայտարարել էր Իրանի նավթ, գազ և նավթամթերք արտահանողների միության գլխավոր քարտուղար Համիդ Հոսեյնին. փոխանցել է ILNA գործակալությանը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը սկսեց շուկա դուրս բերել իրանական պողպատ արտադրողներին: Նրանց ամենամեծ գնորդները, ներառյալ Չինաստանը և Հարավային Կորեան, սկսեցին գնել ռուսական պողպատը իջեցված գներով. մայիսի 21-ին այդ մասին գրել էր իրանական Sharghdaily թերթը:

Քանի որ պատժամիջոցները խիստ սահմանափակում են Իրանի եկամուտը, արտահանումը կենսական նշանակություն է ձեռք բերում երկրի համար, որն այժմ գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ՝ 50 %-ից բարձր գնաճով: Այնուամենայնիվ, իրանցիները, ըստ տեղական լրատվամիջոցների, ստիպված են ապրանքները վաճառել իջեցված գներով՝ մեծ զեղչեր առաջարկող ռուս մատակարարներից հետ չմնալու համար:

«Ռուսաստանն ու Իրանը դեռ դաշնակիցներ չեն»

Մարտին ռուսական կողմը գրեթե տապալեց իրանական միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը կարող էր հանգեցնել Իրանի տնտեսության նկատմամբ որոշ պատժամիջոցների թուլացման: Վիեննայի բանակցությունները, թվում էր, շուտով կհանգեցնեն համաձայնության, սակայն ռուս բանակցողները պահանջեցին, որ Իրանի հետ իրենց առևտուրն ազատվի ուկրաինական պատերազմի պատճառով Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներից:

Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը հիմնված է ամբողջ աշխարհում հակադրվող պատերազմի վրա. հուլիսի 15-ին ասել էր Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում:

Իրանը որպես Ռուսաստանի գործընկեր Արևմուտքի հետ առճակատման հարցում

Այժմ, երբ միջուկային բանակցությունները փակուղի են մտել, Իրանը կարող է պարզապես ցանկանալ Արևմուտքին ցույց տալ, որ ունի Մերձավոր Արևելքից դուրս գալու այլընտրանք:

SWP-ի հետազոտողներից մեկը կարծիք է հայտնել, որ Իրանի մերձեցումը Ռուսաստանի հետ պայմանավորված է նրանց աշխարհաքաղաքական նմանությամբ, որն ուժեղացել է վերջին տասնամյակների ընթացքում։ Երկու երկրներն էլ դեմ են միջազգային հարաբերություններում ԱՄՆ գերակայությանը և ձգտում են հակազդել դրան: Բացի այդ, Իրանի և արևմտյան տերությունների միջև լարվածությունը աճում է դեռ 1979 թվականի Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրումից ի վեր:

Մեկ այլ փորձագետ էլ կարծում է, որ միջուկային գործարքի վերածնունդը և պատժամիջոցների հետագա թուլացումը կարող են նշանակել Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների կրճատում, քանի որ այս դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կկարողանա առևտրային հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ։ Ռուսաստանի հետ համագործակցելու Իրանի ցանկությունը մեծ մասամբ պայմանավորված է նրա հրատապ տնտեսական կարիքներով և այլընտրանքների բացակայությամբ:

 

Ռեբեկա Հովհաննիսյան