Մենք իրավունք չունենք գնալ ու քննել, թե ինչպես է ոստիկանն իրեն դրսևորել․ Կարեն Անդրեասյան

Երբ Ադրբեջանի պատվիրակները եկել էին Հայաստան, բողոքի ակցիա եղավ և մասնակից աղջիկներից մեկի ձեռքը ոստիկանի կողմից կոտրվեց․ այս հարցի շուրջ ի՞նչ դիրքորոշում ունեք։ Այդ մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգամանքներում է կոտրվել այդ աղջկա ձեռքը, և ի՞նչ անհրաժեշտություն կար նրա ձեռքը կորտելու։
Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ որևէ անհրաժեշտություն չկար՝ աղջկա ձեռքը կոտրելու։
«Ես ցավ եմ ապրում աղջկա համար, որը վնասվել է։ Այո՛, ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկներ կան, բայց դրանք կարող են միացված կամ չմիացված լինել, գործարկվել կամ չգործարկվել։ Սա ոստիկանության ներքին քննության խնդիր է, և ինքս չեմ զբաղվում, չեմ էլ կարող միջամտել։ Մենք իրավունք չունենք գնալ ու քննել, թե ինչպես է ոստիկանն իրեն դրսևորել»,- ասաց Անդրեասյանը։
Արդարադատության նախարարը նկատեց՝ եթե դիտավորություն կա ոստիկանի քայլում, ապա դա արդեն իրավապահ համակարգի կողմից քննելու հարց է։
«Բայց և ես չեմ տիրապետում մանրամասներին»,- նշեց նա։