2023-ը՝ քաղաքական հասունությա՞ն, թե՞ ինքնաոչնչացման տարի
Ամանորի տոնական սեղանների շուրջ հնչող բաժակաճառերն այդպես էլ չիրագործված կմնան, եթե հայ ժողովրդի վճռական ու նվիրյալ հատվածն այս տարի էլ, գործելու փոխարեն, սկսի սեփական անգործության արդարացումներ փնտրել։
Այսօր շատերն են խոսում Թուրքիայից և Ադրբեջանից առկա նոր սպառնալիքներից, մատնանշում աղետների մեղավորներին ու պատասխանատուներին։ Բայց ցավոք՝ մեր քաղաքական միտքը դեռևս այնքան պրպտուն ու աշխատունակ չէ, որ գտնի նոր աղետները կանխելու և փոփոխության հասնելու բանաձևը։
Առանց ավելորդ ռևանշիզմի, բայցև առանց նվաստացուցիչ պարտվողականության՝ պետք է գտնել, ձևակերպել ու հանրայնացնել մեր նոր կենսակերպի, «նոր նորմալի» այն պատկերացումը, որը մեզ համար ընդունելի դառնալով՝ համահունչ կլինի նաև մեր դաշնակիցների ու գործընկերների պատկերացումներին։
Այլ կերպ ասած՝ սեփական ներուժն իրապես գնահատելու համար կփորձենք հասկանալ՝ մենք այս աշխարհում առհասարակ որևէ մեկին պե՞տք ենք, «միջազգային հանրությունը» մեր կարիքն զգո՞ւմ է, թե՞ ոչ։ Միաժամանակ սա չի նշանակում, թե մեր հույսը պիտի դնենք որևէ մեկի վրա, սեփական անգործությունն էլ բացատրենք աշխարհի անտարբերությամբ։ Որքան էլ պնդենք, թե մեր դաշնակիցներն ու բարեկամները մի օր մեր կարիքը կզգան, բայց այլևս աջակցություն չեն ստանա, դա պարզ ինքնախաբեություն է։
Ազգի քաղաքական ընտրանին այս երկու տարում բավարար ինտենսիվությամբ չի «արթնացրել» սեփական ժողովրդի ոգին, իսկ առանց դրա անհնար է քաղաքական փոփոխություն իրականացնել։ Երևանում Ամանորի տոնախմբությունները հերթական անգամ ապացուցում են, որ մեր հանրության էական մասը գերադասում է ապրել իներտ, մեկուսացած, առանց ապրումակցման, «քաղաքականությամբ չզբաղվելով»։
Իսկ միայն ընդդիմադիր հանրահավաքներին կանոնավորապես եկող տաքարյուն և վրդովված քաղաքացիների մասնակցության վրա հույս դնելով՝ ոչինչ չի ստացվի։
Ազգային երազի իրականացման համար 2023-ին նախ պետք է խոսեն ազգային էլիտաները՝ եկեղեցուց մինչև գիտնականներ, բժիշկներից մինչև Սփյուռք։
Նախևառաջ հավաքական մտային փոխակերպումը, առաջնահերթությունների վերանայումը պետք է լինի ազգային արժանապատվության և պատվախնդրության վերականգնման բանալին։ Այդ դեպքում՝ Հայաստանի և Սփյուռքի մեկտեղված քաղաքական ջանքերի արդյունքում, աշխարհով մեկ կարող է հնչել հայ ժողովրդի անտեսված իրավունքների հարցը, և հետևողական աշխատանքի արդյունքում կարող ենք անգամ պայքարի իրական ընկերներ ձեռք բերել։
Որքան էլ պետական մեքենան թվացյալ ամենազոր ու ամենակուլ է, իրականում այն խիստ փխրուն է, վախեցած, ընկճված, արտաքին, նույնիսկ թշնամական թելադրանքի ներքո։ Այդ կաշկանդումներով գործող վարչախումբն Արցախ էլ կհանձնի, Հայաստանից գյուղեր ու տարածքներ էլ կտա, սահմաններն էլ թշնամու GPS-ի կամ քարտեզի կոորդինատներով կորոշի։
Ու քանի դեռ Հայաստանում առկա չէ գոնե սեփական սահմանների երկաթյա անձեռնմխելիությունն ապահովող իշխանություն, որևէ մեկը չի կարող ներքին կյանքով զբաղվել՝ ձևացնելով, թե այդ ամենն իրեն չի վերաբերում։
2023-ի Տարեմուտը կարող է լինել հերթական բարոյական ջրբաժանը, երբ ի դեմս քաղաքական էլիտաների՝ մենք հավաքական որոշում կկայացնենք պետությունը պահելու կամ դրանից հրաժարվելու մասին։ Շուտով կանցնեն Ծննդյան տոները, կյանքը կվերագտնի բնականոն ռիթմը, և դարձյալ շատերը կհիշեն, որ օրհասական պահ է, դանակը հասել է ոսկորին, և արդեն «քաղաքականությամբ չզբաղվելն» էլ չի փրկի, եթե հայ ժողովրդի քաղաքական իրավունքները գետնի վրա չիրացվեն։
Դավիթ Սարգսյան