Խաղաղության գործընթա՞ցի, թե՞ նոր էսկալացիայի մեկնարկ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հաջորդ շաբաթ՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, Թվիթերում գրել է Շառլ Միշելի խոսնակը։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցել է, որ առաջնորդները կգնահատեն այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել իրենց վերջին հանդիպումից հետո, և կքննարկեն հետագա ուղիները՝ հասնելու անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների։ Նշվում է, որ ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես հաղորդակցության հարցը։
Եվրամիության դիվանագիտական ծառայության հաղորդագրության համաձայն՝ առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցերն են քննարկել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մարտի 30-ին Բրյուսելում։
Փաշինյան- Ալիև հերթական բանակցությունները տեղի են ունենում հայ- ադրբեջանական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին, երբ վերջին օրերին թշնամին ակտիվ քայլեր է իրականացնում Արցախի հայաթափման ուղղությամբ՝ զավթելով Քարագլուխ կոչվող բարձունքի մի հատվածը։
Սպասվող հանդիպման հետ կապված՝ մի քանի սկզբունքային հարցեր են առաջանում։
Արդյո՞ք ԵՄ հովանու տակ տեղի ունեցող հանդիպումը, այսպես ասած, խաղաղության գործընթացի շրջանակներում է։ Եթե հիշում եք՝ Բաքուն հինգ կետ էր առաջադրել Երևանին ու առաջարկել էր բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ինչից հետո՝ գործընթացը կազմակերպելու նպատակով Երևանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ Եթե խոսքն այս գործընթացի մասին է, ապա տարակուսելի է, թե ինչու են բանակցություններն ընթանում ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ՝ ԵՄ-ի տանիքի ներքո։
Մյուս խնդիրը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, որպես կանոն, քննարկվում է Հայաստան- Ադրբեջան- Ռուսաստան եռանկյունում։ Արդյո՞ք ԵՄ նախաձեռնությունը մոսկովյան միջնորդության շարունակությո՞ւնն է, թե՞ գործ ունենք նոր գործընթացի հետ։
Եվ վերջապես՝ գլոբալ հակադրության այսօրվա համատեքստում ԵՄ-ն ո՞ւնի գործիքակազմ նպաստելու հայ- ադրբեջանական երկխոսությանը։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թույլ կտան հասկանալ՝ այս հանդիպումը կդառնա խաղաղության գործընթացի մեկնա՞րկ, թե՞ նոր էսկալացիայի սկիզբ։
Վահրամ Բագրատյան