Ինչո՞ւ է Փաշինյանը «խնայում» Ալիևին

Ինչո՞ւ է Փաշինյանը «խնայում» Ալիևին

Վերջին օրերին Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Այս մասին կառավարության նիստում երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այս պահին որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի և միջազգային գործընկերների հետ հավելյալ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։  Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։ 

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետին վերագրել է փաստագրողի ֆունկցիա` հրաժարվելով գնահատական տալ Արցախում վերջին օրերի ադրբեջանական ագրեսիային։

Դժվար է հասկանալ այն մոտիվները, թե ինչու է Փաշինյանը «խնայում» Ալիևին, մանավանդ, որ գործ ունենք Բաքվի բացահայտ ագրեսիայի հետ, ինչն էքզիստենցիալ վտանգ է ստեղծում Արցախի հայության համար։

Ըստ ամենայնի, Փաշինյանը կարծում է, որ իր համարժեք գնահատականները կարող են հակադրվել «խաղաղության դարաշրջանի» օրակարգի մասին պնդումներին։ Բայց սա պարզունակ մոտեցում է, որովհետև այդ պարագայում՝ կառավարության ծրագրային առաջնահերթությունը բովանդակային հարթության վրա ոչ թե արժանապատիվ խաղաղություն է ապահովելու, այլ ընդամենը ֆորմալիզացնելու է Բաքվի ագրեսիվ քաղաքականության իրականացումն՝ ի հաշիվ հայկական շահերի։

Մյուս կողմից, աչքի է զարնում Փաշինյանի հռետորաբանության շեշտակի տարբերությունները ներքին ու արտաքին քաղաքական ճակատներում։

Երբ գործող վարչապետի օպոնենտի դերում մեր ընդդիմությունն է, Փաշինյանն իրեն շատ ագրեսիվ է պահում։ Արտաքին հարաբերություններում Փաշինյանն իրեն շատ տոլերանտ է պահում նույնիսկ այն դեպքերում, երբ գործ ունենք Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի հետ։

Նման վարքագիծը բնորոշ է թույլ ռեժիմներին, որոնք իրենց երկրներում ավտորիտար համակարգեր են կառուցում՝ արտաքին հարաբերություններում ազգային շահերը զոհաբերելու հաշվին։

Վահրամ Բագրատյան