Միրզոյանի «ծանր զրույցը» Մոսկվայում

Միրզոյանի «ծանր զրույցը» Մոսկվայում

Վաղուց չեմ հիշում, որ Ռուասաստանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումն այսքան ծանր մթնոլորտում տեղի ուենանր։ Հենց այսպիսին էր Սերգեյ Լավրով- Արարատ Միրզոյան հանդիպումը, որի ավարտին տեղի ունեցած ասուլիսում ռուսական ու հայկական դիրքորոշումների տարբերություններն ակնառու էին։
Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում, երեկ հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պնդելով, թե Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։


«Ես չգիտեմ՝ հետագա ինչ ճակատագիր է ունենալու այդ միջնորդական խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի ալիքի տակ՝ ձգտելով չեղարկել ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել ղարաբաղյան խնդրի, և ընդհանուր առմամբ՝ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է», - հայտարարել է Լավրովը:

Հայաստանի արտգործնախարարը, մինչդեռ, չի կիսել ռուս գործընկերոջ գնահատականն ու պնդել է, թե չնայած դժվարին աշխարհաքաղաքական իրադրությանը՝ եռանախագահության ձևաչափը վերջնականապես իր ուժը չի կորցրել. «Ես, ի դեպ, մի քիչ այլ նորություններ ունեմ։ Հաշվի առնելով շատ հստակ ազդակները, որոնք ստացել եմ մյուս համանախագահող երկրներից, ուզում եմ հաստատել, որ միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով, ինչը, պետք է ասեմ, շատ է հուսադրում»։
Սերգեյ Լավրովն արձանագրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուցիոնալ փաստացի չգոյությունը։ Կարևոր չէ` արևմտյան համանախագահնե՞րը չեն ուզում աշխատել ռուսների հետ, թե՞ հակառակը։ Ունենք փաստ, կոնկրետ իրողություն, որի մասին բարձրաձայնում է համանախագահ երեք երկրներից մեկի ԱԳ նախարարը, իսկ Միրզոյանը մանկամտորեն փորձում է Լավրովին բացատրել, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը «սխալ» ինֆորմացիայի մեջ է։

Փառուխի ճգնաժամի հետ կապված Լավրովը բավականին կոշտ ձեւով Երևանին հասկացրել է ճիշտ բանակցել ադրբեջանցիների հետ ու չթիրախավորել ռուսական խաղաղապահ առաքելությանը։
Լավրովը երեկ հասկացրել է Բրյուսելի հանդիպման «անիմաստությունը»` պնդելով, որ դելիմիտացիա/ դեմարկացիայի որոշումը Պուտին- Փաշինյան- Ալիև 2021թ-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության հետևանք է։

«Ես հարցրի իմ գործընկերոջը՝ որքանո՞վ է բրյուսելյան համաձայնությունը համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ ձեռք էին բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև։ Ինձ ասվեց, որ իրավիճակը բացառապես այդ հունով է զարգանում։ Շատ կուզեի, որ մեր եվրոպացի գործընկերները Բրյուսելում հասկանային, որ այդ գործընթացն արդեն մեկնարկել է երեք առաջնորդների կողմից, և որ իրենք չեն փորձելու այդ ընթացքում ինչ-որ խոչընդոտներ ստեղծել», - նշել է Լավրովը:

Կասկած չկա, որ պաշտոնական Երևանի վարքագիծը վստահություն չի ներշնչում Մոսկվային ու, ըստ ամենայնի, մի քանի օրից ծանր զրույց է սպասում Նիկոլ Փաշինյանին, երբ նա կհյուրընկալվի Մոսկվայում։

Վահրամ Բագրատյան