ԱՄՆ պետքարտուղարության երկիմաստ ակնարկը 

ԱՄՆ պետքարտուղարության երկիմաստ ակնարկը 

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների, Լեմկինի ինստիտուտի մտահոգության հետ կապված, «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում։

Միայն առաջին հայացքից է պաշտոնական Վաշինգտոնի պատասխանը միանշանակ հնչում:

Օրինակ, դրանում խոսք անգամ չկա այն մասին, որ Վաշինգտոնը ձեռնարկելու է անհրաժեշտ քայլերը՝ Բաքվի հնարավոր ագրեսիան կանխելու համար, որովհետև Հայաստանի համար ավելի կարևոր է այդ հանգամանքը, քան պոստֆակտում դատապարտումները կամ անգամ պատժամիջոցները:

Բացի այդ, պետքարտուղարության տեքստում խոսվում է «լուրջ հետևանքների» մասին ու այդպես էլ չի հստակեցվում, թե ում վրա են դրանք ազդելու՝ Հայաստանի՞, որի համար այդ «լուրջ հետևանքները» կարող են լինել տարածքային կորուստները, թե՞ Ադրբեջանի, որն ագրեսիվ պահվածք կցուցաբերի:

Գուցե այսքան բծախնդիր չլինեինք մի տեքստի հանդեպ, եթե տեղի ունեցած չլիներ Արցախի հայաթափությունը, որից ընդամենը երկու օր առաջ Պետքարտուղարությունը «կարմիր գիծ» էր համարել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի հարձակումը:

Հարձակումը տեղի ունեցավ, բայց «կարմիր գիծը» նույնիսկ սիմվոլիկ պատժամիջոցի չվերածվեց:

Վահրամ Բագրատյան