Ես չեմ հավատում, թե դուք այդքան միամիտ եք․ Խամոյանը՝ ՔՊ-ականին

Դեռ տարեսկզբին եմ խոսել թմրանյութի ապօրինի շրջանառության մասին, և դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ հարցը չլուծելու դեպքում կանգնելու ենք անվտանգային լուրջ խնդրի առջև։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ չնայած դրան, դեռ պատրաստ չէ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը, փոխարենը, Հայաստանը հայտնվեց միջազգային մամուլի էջերում՝ Էկվադորից Հայաստան ուղարկվող երեք տոննա կոկաինի մասին բացահայտումնորի շնորհիվ։
«Ես հեռու եմ մտքերից, թե այդքան կոկաինը պետք է Հայաստանում սպառվեր։ Մեր ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, երբ արդեն իտալական կողմը խոսեց բեռի առգրավման մասին։ Դրանից հետո ոչ մի խոսք, թե ովքեր են եղել այդ բեռի ներկրման երաշխավորները։ Ես չեմ հավատում, թե դուք այդքան միամիտ եք, որ կարծում եք, թե հնարավոր է նման գործարք իրականացնել՝ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների մասնակցության»,- նկատեց պատգամավորը։