Որ գործոններն են բարձրացնում վաղաժամ մահվան հավանականությունը

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում պարզել են, թե ինչն է հանգեցնում մարդկանց վաղաժամ մահվան և ինչպես կարելի է երկարացնել կյանքի տևողությունը։ Գիտնականների հետազոտությունը տևել է վեց տարի, որի ընթացքում նրանք հետևել են 50-104 13600 կամավորի առողջական վիճակին։ Արդյունքում պարզվել է, որ երկարակեցությունն անմիջականորեն կապված է ծխախոտից հրաժարվելու հետ։ Բանն այն է, որ ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 5000 քիմիական տարր, այդ թվում նաև նիկոտին, որոնց մեծ մասը նպաստում են օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը։ Բացի այդ, ծխախոտի գործածությունը նպաստում է նաև սրտի նոպաների ու գլխուղեղի կաթվածի զարգացմանը, որոնք ևս կարող են մահվան ելք ունենալ։
Վաղաժամ մահվան հավանականությունը բարձրանում է նաև ալկոհոլի չարաշահման դեպքում։ Այս ըմպելիքների գործածությունը կարող է հանգեցնել ընկճախտի, թուլամտության, օնկոլոգիական հիվանդությունների ու իմպոտենցիայի զարգացման, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ոչ միայն կյանքի որակի, այլև կյանքի տևողության վրա։
Մարդու կյանքի տևողությունը կախված է նաև մարդու ֆիզիկական ակտիվությունից։ Սպորտով զբաղվելու ցանկության բացակայությունը կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների, ճարպակալման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման ու զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների զարգացման, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հնարավորինս ակտիվ կենսակերպ վարել։
Ավելին՝ ոչ պակաս կարևոր է նաև մարդու նյութական ու ֆինանսական վիճակը, քանի որ մշտական անհանգստությունը նույնպես կարող է մի քանի տարով կրճատել կյանքի տևողությունը։ Նույնը վերաբերում է նաև սոցիալական ու հոգեբանական խնդիրներին, ուստի այս գործոնը ևս չի կարելի անտեսել։