Ուզեցին անունը սևացնել, հատկապես թմրամիջոցների մասով, բայց քննությամբ պարզվեց, որ չկա նման բան

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի տնային կալանքը շարունակվում է։
MediaHub-ի հետ զրույցում նրա կինը՝ Անգինն ասաց, որ ամուսնու առողջական վիճակը լավ է, պարզապես կալանքի ռեժիմն է խիստ։ Ընտանիքի անդամներից բացի Կարապետին արգելված է շփում ունենալ այլ անձանց հետ։
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի՝ հարուցված հանրային քրեական հետապնդումն այսօր դադարեցվել է։ Սակայն, խուլիգանության մասով դեռ ոչինչ չի փոխվել, ուստի կալանքի ռեժիմն էլ նույնն է։ Կարապետն էլ է ուզում` օր առաջ ավարտվի այս ամենը, դուրս գա։ Բայց ոչինչ, դժվարությունն էլ մարդու համար է։ Ուզեցին անունը սևացնել, ինչ ասես, ասացին, մանավանդ թմրամիջոցների հետ կապված, բայց վերջում քննությամբ պարզվեց, որ չկա նման բան»,- ասաց մեր զրուցակիցը՝ քաղաքական հետապնդում որակելով Կարապետ Պողոսյանի շուրջ կատարվող իրադարձությունները։
Նշենք, որ Պողոսյանի պաշտպաններն այսօր հայտարարություն են տարածել, տեղեկացնելով, որ «քրեական վարույթով հսկող դատախազի 2024 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը)։
Միևնույն ժամանակ նրանք ասել են, որ նույն վարույթով հսկող դատախազի 2024 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), որով, ըստ էության, վերաշարադրվել է արդեն իսկ հարուցված հանրային քրեական հետապնդման ձևակերպումը։
«Տվյալ քրեական վարույթով հայտնվել է նախաքննության ավարտ՝ մեղադրական եզրակացություն կազմելով, որին կհետևի վարույթի նյութերը դատարանին հանձնելը»,- հայտնել են պաշտպաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը։
Հունան Թադևոսյան