ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022 թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը։

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 54 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթա­վոր­ման պարտադիր պահանջների խախտման դեպքեր:

Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 54 որոշում՝ ընդհանուր շուրջ 20.1 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ թվով 6 վարչական ակտերով նշանակվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 9 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով 12 այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: