Գագիկ Ծառուկյանը հակված է չմասնակցել ընտրություններին. ո՞րն է հիմնական պատճառը

Թեև Հայաստանի քաղաքական դաշտն ակտիվ դիրքավորվում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, ոչ բոլորն են շտապում բացել իրենց խաղաքարտերը: Մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
MediaHub-ի տեղեկություններով՝ անցած կիրակի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է թիմակիցների հետ, կուսակցական օրակարգային հարցերից զատ քննարկվել է նաև սեպտեմբերին սպասվող ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Ըստ այդմ, մեր աղբյուրի հաղորդմամբ՝ այս պահին ԲՀԿ-ն հստակ որոշում չունի, բայց Ծառուկյանի թիմակիցները հասկացել են մեկ բան. վերջինս ավելի շատ հակված է չմասնակցել ընտրություններին, քան մասնակցել և դրան մի քանի պատճառ կա:
Նախ, այն, որ ԲՀԿ-ն ռեալ գնահատում է իր շանսերը և գիտակցում, որ մասնակցելով հնարավոր է անգամ մինիմալ շեմը չհաղթահարի և չանցնի Երևանի ավագանի: Սա երկարամյա կուսակցության համար իսկապես լուրջ բիծ կարող է թողնել կենսագրության վրա. այո, կուսակցությունը քաղաքական ակտիվ գործունեություն չի ծավալում, բայց այնպես էլ չէ, որ ցանկանում է հեռանալ դաշտից: Եվ հետագայում անպայման մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:
Նման վատատեսական տրամադրությունները լուրջ հիմքեր ունեն՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն Երևանում հավաքել էր ընդամենը 8 հազար ձայն, մինչդեռ, օրինակ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի կուսակցությունն անցել էր 18 հազարի շեմը: Սա իսկապես խնդիր է:
Սակայն ամենամեծ խնդիրը ցուցակի առաջին դեմքի փնտրտուքն է. Գագիկ Ծառուկյանը հստակ հասկանում է, որ առաջին դեմքից մեծապես կախված է ցանկացած օպերացիայի հաջողություն, այս դեպքում՝ դա կարևորագույն գործոնն է: Իսկ ԲՀԿ-ն իսկապես, ամենայն հարգանքով, չունի այս պահին մեկին, որ կարող է հավակնել Երևանի քաղաքապետի թեկնածու լինելուն և ընդունելի լինելուն երևանցիների կողմից: Եվ Ծառուկյանը սա շատ լավ գիտակցում է ու իր թիմակիցներից էլ չի թաքցնում:
Հետևապես, ավելի շատ հակված է չմասնակցելուն, քան մասնակցելուն: Իսկ ինչ մնում է միասնական թեկնածուով հանդես գալու տարբերակին, որի մասին նաև մամուլն էր գրել՝ ակնարկելով, որ ԼՀԿ թեկնածու Դավիթ Խաժակյանն է նման առաջարկով հանդես եկել, ապա դա ի սպառ բացառվում է՝ Ծառուկյանը երբեք հակված չի եղել այդ տարբերակին. ԲՀԿ-ին միացել են, ինքը եղել է լոկոմոտիվը, բայց ոչ այլ թեկնածուին սատարող, ասաց մեր աղբյուրը:
Բայց, կրկնենք, ներկա պահին հստակ որոշում չկա: Սպասենք: