Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի վաղը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցով որոշում կայացնելու։
Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանը մեղադրվում է Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռելու և ուսանողներին «Դիմադրություն» շարժմանը ներգրավելու մեջ։
Ըստ Թոռնիկ Ալիյանի ցուցմունքի, Չալաբյանն ուսանողներին նյութապես շահագրգռել է մասնակցել հավաքներին` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։
Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունայանը MediaHub.am-ի հետ զրույցում պնդեց, որ Չալաբյանին անազատության մեջ պահելու իրավական հիմքեր չկան։ «Դատարանի վաղվա որոշումից, բնականաբար, դրական ակնկալիքներ ունենք, ուզում ենք դրական որոշում տեսնել, սակայն իրականությունը, որի մեջ ապրում ենք, թույլ չի տալիս բացառապես մեր իրավական դատողությունների ու զգացողությունների հիման վրա որևէ կանխատեսում անել»,-ասաց նա։
Լիաննա Թորոսյան