Ջոնսոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում քննարկել է Զապորոժեի ԱԷԿ-ի իրադրությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակը. ասվում է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ վաղ առավոտյան խոսել է Զապորոժյեի ԱԷԿ-ում իրավիճակի լրջության մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Դիվանատանը նաև հավելել են, որ Ջոնսոնը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել առաջիկա ժամերին՝ տվյալ միջադեպը քննարկելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է ԱԷԿ-ի անվտանգության հարցը: Ավելի վաղ կայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է անմիջապես ԱԷԿ-ում բռնկված հրդեհի մասին պնդումները: Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է մոտակայքում գտնվող ուսումնավարժական մասնաշենքում: