Գործընթացի մեկնարկը տրված է...
Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը:
Այսպիսով, այս հարցում գործադիրն ավարտեց իր առաքելությունը, և հիմա խոսքը դատական և օրենսդիր իշխանություններինն է, չնայած գործընթացն առավել, քան կանխատեսելի է:
Միակ խանգարող հանգամանքը կարող էլ լինել փողոցը, բայց Սրբազան պայքարն ակնհայտ ճգնաժամի մեջ է, իսկ ընդդիմադիր մյուս սեգմենտները պայքարի նման ընթացքի պատրաստ չեն:
Ի դեպ, Բաքուն պետք է զուգահեռ անցած երկուշաբթի արդեն հրապարակեր կանոնակարգի նույն տեքստը, բայց այս դեպքում ևս Ադրբեջանի իշխանությունները խախտեցին պայմանավորվածությունները:
Դրա փոխարեն Ադրբեջանը զբաղված է ինտենսիվ ապատեղեկատվության տարածումով, թե իբրև հայկական կողմը խախտում է հրադադարը:
Եվ այս ամենը կապում են Բաքվի կողմից վերջին օրերին շրջանառու դարձված նոր պահանջի հետ՝ Հայաստանից դուրս հանել ԵՄ դիտորդական առաքելությանը:
Տավուշի գործընթացից առաջ Բաքուն կարողացավ հասնել հայ-ադրբեջանական սահմանից ռուսական զորքերի դուրսբերմանը, հիմա գործընթացից ցանկանում է դուրս դնել ԵՄ-ին:
Բաքվի այս պահանջի մասին Երևանում և Բրյուսելում չարագուշակ լռում են, ինչը լեգիտիմ կասկածներ է ծնում, որ Փաշինյանը համաձայնել է նաև Բաքվի այս պահանջին:
Վահրամ Բագրատյան