Փաշինյանը միջամտում է արդարադատությանը, Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում ստուգումներ են. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Փաստաբան Հարություն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն իր սոցէջում գրում է «հատիկ-հատիկ թալանի վերադարձ»-ի մասին, դատարաններում սկսում են արագացված կարգով գործերը քննել: «Կարծում եմ, որ հայտարարությունը, ուղերձը կաշկանդող են», – փոխանցեց փաստաբանը՝ նշելով, որ թալանի վերադարձի գործընթացը ուղեկցված է իրավական անորոշությամբ, եւ վերաքննիչ վարչական դատարանը արդեն կայացրել է բեկանման ակտ:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 486 հոդվածը նախատեսում է պատիժ Նիկոլ Փաշինյանի այդ արարքի համար. արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը Փաշինյանի դեպքում ակնհայտորեն 2-րդ մասով է համընկնում` «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»:
Հավելենք, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակում` մեկից երեք տարի ժամկետով, ինչպես նաեւ կարճաժամկետ ազատազրկում` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` 1-3 տարի ժամկետով:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանի խոսույթին ու վարքագծին եթե մի օր իրավական գնահատական տրվի, Փաշինյանը անխուսափելիորեն կպարտվի»:
«Հրապարակ» գրում է․
Իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են անում։
«Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն ասաց՝ կարելի է ասել, հարկայինի տեսուչները գիշերում են ընկերություններում, քրքրում փաստաթղթերը, արտադրանքը: Լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ մեկ ամիս է՝ կասեցված է։ Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել Լֆիկից՝ մոտ 15 մլն դոլար: Ըստ այդ աղբյուրի, իշխանությունների սրտի օլիգարխը հրաժարվել է «մուծվել»՝ ասելով, որ գործերը լավ չեն, ու հայտնվել է հարկայինի թիրախում։ Ասում են` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է: Իշխանությունները, որ 18-ից հետո զերծ էին մնում բիզնեսին հարվածելուց, հիմա քերթում են գործարարներին` կամայական թվեր են նրանց վրա դնում՝ պահանջելով հոգալ պետության կարիքները։ Փողը պակասել է, պահանջները` մեծացել, ցինիզմը` շատացել, եւ իշխանություն պահելու համար այլեւս բիզնեսմենների օգնության կարիքը չեն զգում:
ՊԵԿ-ից մեր հարցին ի պատասխան, ըստ էության, չհերքեցին ստուգումների փաստը. «ՊԵԿ հսկողական աշխատանքների հիմքում ռիսկերի վերլուծական գործիքների արդյունքներն են՝ անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպություններում են նկատվել այդ ռիսկերը։ Ստուգումները չեն իրականացվում ըստ կազմակերպության անվանումների։ Հարկային մարմիններում ընկերությունները հաշվառվում են ըստ իրենց ՀՎՀՀ-ների, ուստի Ձեր հարցադրման հետ կապված՝ կարող ենք հաղորդել այսքանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85 ամյակին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրցաշարի հեղինակը Տավուշի «ՆԻԿԱՐՄ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։ Հիշեցնենք, որ ե՛ւ «ՆԻԿԱՐՄ»-ի տնօրեն, Իջեւանի մարզադաշտի նախկին ղեկավար Արմեն Խաչատրյանը, ե՛ւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը իջեւանցիներ են եւ Փաշինյանի հետ սերտ հարաբերությունների մեջ են։ Նրանք, թերեւս, Փաշինյանին հաճոյանալու համար են կազմակերպել ֆուտբոլային մրցաշար՝ վարչապետի հոր 85 ամյակին նվիրված։ Եվ Փաշինյանն էլ ընդունել է առաջարկը: Մինչդեռ Փաշինյանի երջանկահիշատակ հայրը երբեւէ կապ չի ունեցել ֆուտբոլի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2002) Սուրեն Աբրահամյանի հետ հասկանալու համար՝ եղել է նախկինում այսպիսի բան, որ երկրի ղեկավարի ծնողի անունով մրցաշար կազմակերպվի Հայաստանում։ «Ես Նիկոլ Փաշինյանի հորը ճանաչում եմ, մի քանի անգամ հանդիպել եմ իր հետ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոն չուներ, պարկեշտ, համեստ մարդ էր: Ինձ թվում է՝ այս ամենը իր սրտով չէր լինի, դրանից ինքը չէր ուրախանա: Դժվար թե նա դրվատանքի խոսք ասեր այդ միջոցառմանը»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։
Հիշենք Նիկոլ Փաշինյանի հոր խոսքերը հեղափոխության օրերին՝ 2018 թվականին. «Հայաստանում շատ կան խելոք մարդիկ, հիմա ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ լինի, ինչո՞ւ միայն Նիկոլը, Հայաստանում մի Նիկո՞լ է ընդամենը, շատ նիկոլներ կան, հիմա ում ցանկանա, թող նրա թեկնածությունն էլ առաջադրի»: Մեկ այլ հարցազրույցում Վովա Փաշինյանն ասել էր. «Հնարավոր է՝ ավելի խելացի եւ իմաստուն թեկնածուներ կան, թող նրանք առաջադրվեն»:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայրը բացահայտ անվստահություն էր հայտնել որդու ապագա ղեկավարման մասով` հավանաբար կանխատեսելով որդու ձախողումները»:
Քաղաքացիների կարծիքը Նիկոլ Փաշինյանի հորը նվիրված մրցաշարի մասին՝ տեսանյութում.
ՀՖՖ-ն Նիկոլ Փաշինյանի հոր անունով մրցաշար է կազմակերպել: