Բարեփոխո՞ւմ, թե՞ բռնապետական բարեփոխում․ կասկածներ ունենալու դեպքում պետք է արժանապատվությո՞ւն ոտնահարել

Արցախցի 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանի գործով առայժմ «սայլը տեղից չի շարժվում»։ Չնայած այն բանի, որ ՆԳ նախարարությունը պետք է ծառայողական քննություն սկսեր դեպքի առթիվ կասկածվող ոստիկանների նկատմամբ, մինչ օրս ձերբակալված, կամ ժամանակավոր լիազորությունները դադարեցրած ոստիկաններ չկան, հակառակ այն բանի, որ Տիգրանը Քննչական կոմիտեում ցույց էր տվել իրեն հայհոյած ու խոշտանգած ոստիկանության ծառայողներին։
Նա MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին գտնվում է Վանաձորում։ Մի քանի օր առաջ խուզարկել են նրա կողմից վարձակալած բնակարանը` ասելով, որ դա կատարվում է գործի շրջանակներում։
«Ես որևէ «պրինցիպներ» չեմ տանում, ուղղակի ուզում եմ, որ արդարությունը հաղթի։ Տեսեք, իմ գործի շրջանակներում գրել են, թե ունենք բավարար կասկածներ, որ գողությունը մեր բարեկամի տնից Տիգրանն է կատարել։ Այսինքն, կասկածներ ունենալու դեպքում պետք է արժանապատվություն ոտնահարե՞ք։ Ես հիմա Վանաձորում եմ, որպեսզի մենակ չլինեմ, նույն այդ բարեկամներիս առաջարկով բնակվում եմ իրենց հետ։ Այս մարդիկ չեն կասկածում իմ վրա, իրենք որտեղի՞ց են ենթադրել, որ գողությունը ես եմ կատարել»,- ասում է Տիգրանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել 28-ամյա կնոջ հասցեին, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի վրա զենք են պահել ու հափշտակել տանը եղած ոսկեղենը։ Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները նրանց բարեկամ Տիգրանին են բաժին հրավիրել, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել, հնչեցրել հայհոյանքներ, ստիպել, որ մեղքը վերցնի իր վրա։
«Իմ փաստաբան Ռոման Երիցյանը, որը նույնպես ոստիկանության թիրախում է, անում է հնարավորը, որ այս գործում պատժվեն իրական մեղավորները։ Բացահայտվեն նրանք, ովքեր կատարել են գողությունը, և պատասխանատվության ենթարկվեն ինձ անհիմն ծեծի ենթարկած ոստիկանները»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Չնայած ՆԳՆ խոսնակը Տիգրանի իրավունքների պաշտպանության համար կազմակերպված ցույցի մասնակիցներին վստահեցրել է, որ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվում արցախցիների հանդեպ, սակայն, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հստակ օրինակներ է բերում։ Արցախցիները հայտնվում են ոստիկանության տեսադաշտում՝ հանրահավաքներին մասնակցելու, գործող իշխանության գործողություններն ընդվզելու համար։ Իսկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ոստիկանների կողմից խոշտանգված Տիգրանի դեպքին, փաստորեն օրինականացրել ու նոր թափով զարկ է տվել ոստիկանների կողմից բռնությանն ու ջարդին։
Նախարարի համար կարևորը՝ ծայրահեղ ծանր վիճակին հասցնելը չէ։
«Կա քաղաքացու ահազանգ, որ 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծ է եղել, վնասվածքներ են եղել, 8 հոգի են եղել։ 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծի արդյունքում չստանալ վնասվածք և անկախ փորձագիտական գնահատմամբ դա չֆիքսվի, սա ուղղակի պիտի դառնա օբյեկտիվ քննության առարկա։ Ինտենսիվ ծեծի արդյունքում թե՛ հիվանդանոցը, թե՛ դատաբժիշկը պետք է տային ավելի բարդ նկարագրություն, քան ֆիքսված է»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Հիշեցնենք, որ գործի շրջանակներում որպես իրեղեն ապացույց չի պահպանվել ոստիկանության Վանաձորի բաժնի տեսախցիկների տեսագրությունը, որի մասին MediaHub-ին նախօրոք ասել էր նաև երիտասարդի փաստաբան Երիցյանը։
Հունան Թադևոսյան