3 մլրդ դրամ ՀՀ ոստիկանությանը՝ պարեկային ծառայության մեքենաների համար

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն այսօր` կառավարության հուլիսի 21-ի հերթական նիստի ժամանակ, ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասի կառավարության որոշման նախագծերը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին հարցը․
«Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար դեռևս ընթացիկ տարվա մայիսի 23-ին հայտարարտվել էր ոստիկանական ավտոմեքենաների ձեռքբերման գնման մրցույթային ընթացակարգ, ինչ-ինչ պատճառներով ընթացակարգը հայտարարվել է չկայացած։
Այնուհետև, հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան բոլոր պաշտոնատար ներկայացուցիչներին ուղարկված հարցումով պարզվել է, որ նախատեսված ժամկետում հայտարարված տեխնիկական բնութագրով թվով 175 միավոր ավտոտրանսպորտային միջոց մատակարարելու պարտավորություն ստանձնել կարող է միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն նախատեսվող գումարն ամբողջությամբ կանխավճարային եղանակով հատկացնելու դեպքում, իսկ մյուսները հրաժարվել են։
Բանակցությունների արդյունքում ձեռքբերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական փոխանցման տուփով 15 մլն 9 հարյուր հազար դրամով և 130 միավոր ավտոմատ փոխանցման տուփով ավտոտրանսպորտային միջոց՝ 18 մլն 400 հազար դրամ գումարով։
Որոշման նախագծով նախատեսվում է վերը նշված չորս մարզերում ձևավորվող պարեկային ծառայության ստորաբաժանումների համար ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց՝ նշված գնման գների հաշվարկով՝ հատկացնելով 3 մլրդ 107 մլն 500 հազար դրամ՝ ներառյալ հարկային այլ պարտադիր վճարները»,- ներկայացրեց Ղազարյանը։