Արցախի շրջափակման 247-րդ օրը․ ջրի խնդիրը սրվում է

Արցախի կառավարության տեղեկագիր | շրջափակման 247-րդ օր
Պաշարված Ստեփանակերտում ջրի խնդիրը սրվում է․ քաղաքն ստանում է անհրաժեշտ ծավալից մոտ 3 անգամ քիչ ջուր
Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը մնում է չլուծված: Սովորական պայմաններում գործի կդրվեին պոմպակայանները՝ կիրառելով նաև դիզվառելիքով աշխատող գեներատորները: Մեքենաներով ջուր կհասցնեին ջրամատակարարումից զրկված թաղամասեր, եթե չլիներ վառելիքի խնդիր: Պատասխանատուները հորդորում են պարզապես խնայողաբար օգտագործել ջուրը և մի քանի օր համբերել. հույս կա, որ եղանակը բարեհաճ կգտնվի ու ջերմաստիճանը մի փոքր կմեղմանա։
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,800քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 700 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր:
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 226 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (247 օրվա ընթացքում մարդկանց 605,150 -ի փոխարեն՝ 2,686 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 19 ելքի և մուտքի դեպք՝ բացառապես ԿՄԽԿ-ի մեքենաներով:
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 77 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (247 օրվա ընթացքում 227,240-ի փոխարեն՝ 2,951 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 3 մուտք և ելք՝ միայն ԿՄԽԿ-ի մեքենաները:
Շուրջ 17 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (247 օրվա ընթացքում մոտ 98,800 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ 0 տոննա:
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 180 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 218 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
Շրջափակումից ի վեր 1468 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 34,3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը)։ Ցուցանիշը հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։ Շրջափակման հետևանքով լրիվ կամ մասնակի տուժել են տնտեսության բոլոր ոլորտները։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 469 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 52 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: