Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Ենթադրվում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին պետության ղեկավարը կընդունի։ Ի վերջո, սահմանային լարվածության թուլացմում այսօր առաջնահերթ խնդիր է, սակայն Փաշինյանը չի ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Եվ նրա՝ Երեւան ժամանելուց 2 օր անց մեկնել է Նյու Յորք, որտեղ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, հանդիպում ունեցավ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի թիվ մեկ թշնամու՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Հայաստանում Զասը հանդիպումներ էր ունենում երկրորդ էշելոնի չինովնիկների հետ՝ փոխարտգործնախարար, ԱԽ քարտուղար, ԳՇ պետ։ Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, թե Փաշինյանի նյույորքյան հանդիպման մասին տեղեկանալով՝ Զասը նախատեսվածից մի քանի օր շուտ մեկնել է Հայաստանից։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

Սեպտեմբերի 25-ի ընտրություններից օրեր առաջ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում առաջադրված «Հանուն ժողովրդի» դաշինքի 23 հոգանոց ցուցակից 19 հոգի մեկ գիշերվա մեջ ինքնաբացարկ է հայտնել, եւ ԿԸՀ-ն սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ անվավեր է ճանաչել այս ուժի մասնակցությունը։ Եթե գոնե 5 թեկնածու մնար ցուցակում, ապա օրենքը թույլ կտար մասնակցել։

Գյուլագարակում ՔՊ-ն «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջ է ընդամենը 48 ձայնով։ «Հանուն ժողովրդի դաշինքը» ձեւավորվել էր Վահան Բաբայանի Ռեֆորմիստների եւ նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցության միավորմամբ։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

Այսօր լրանում է 2020 թ․ աղետալի պատերազմի 2 տարին։ Ամեն տարի այս օրը պաշտոնյաները, քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր՝ ի հիշատակ պատերազմում նահատակված հերոսների։ Այս տարի զոհված զինծառայողների հարազատներից ոմանք որոշել են նախօրեին գիշերը հավաքվել Եռաբլուրում եւ թույլ չտալ այս իշխանության ներկայացուցիչների մուտքը պանթեոն։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից մեկնել է Ֆրանսիա՝ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման, եւ հայտնի չէ՝ կհասցնի՞ վերադառնալ ու այցելել Եռաբլուր։ Թեեւ չենք զարմանա, եթե պարզվի, որ այս սպոնտան այցը Ֆրանսիա կազմակերպվել է սեպտեմբերի 27-ին Եռաբլուր գնալու պարտականությունից եւ տհաճ իրավիճակներից խուսափելու համար։

«Հրապարակ» թերթը գրում է.

Սիսիանի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել։ Առավել շատ ստացել է ՔՊ-ն՝ 4 հազար 93, հաջորդը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է՝ 2 հազար 693, ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։

ՔՊ-ն կստանա 8 մանդատ, ընդ որում, երեկ ողջ օրը կենաց-մահու պայքար են մղել մեկ մանդատի համար, ՔՊ-ին 7 մանդատ էր հասնում, կոտորակային վիճելի հաշվարկի արդյունքում եւս 1 մանդատ են պոկել, չնայած, որպես կանոն, ավել մանդատը գումարում են ամենաքիչ ձայն ստացած ուժին։ Սակայն այդ 1 մանդատն էլ իրավիճակը չի փրկում։

Ում կմիանա «Ապրելու երկիրը», նա էլ կձեւավորի իշխանություն։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին մենք տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակի հետ կապված՝ Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է «Մանկական Եվրատեսիլ- 2022»-ը այլ երկրում անցկացնելու հնարավորությունը:

Ավելին, մեր աղբյուրները հայտնում էին, որ այդ մասին արդեն տեղեկացվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, և կազմակերպչական աշխատանքները սառեցվել են: «Փաստը» դիմեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանին՝ խնդրելով մեկնաբանել այս տեղեկությունները: «Հանրային հեռուստաընկերությունը բնականոն կերպով շարունակում է կազմակերպչական աշխատանքները «Մանկական Եվրատեսիլի» անցկացման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Օհանյանը:

«Փաստ» օրաթերթը գրում է․

Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դահլիճներից մեկում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, ասուլիսը հավատարմագրումով է անցկացվելու, բայց, ինչպես նախկին ասուլիսների դեպքում, այս անգամ էլ քաղաքական իմաստով խտրականություններ չեն լինի, և կներառվի լրատվական դաշտի ամբողջ սպեկտրը՝ սկսյալ անկախ լրատվամիջոցներից մինչև ընդդիմադիր կամ պետական և իշխանական վերահսկողությամբ լրատվամիջոցներ, որոնք կհավատարմագրվեն։

Մեր ունեցած տեղեկություններով, երկրորդ նախագահի ասուլիսը նախորդ ասուլիսների պես ամբողջությամբ կհեռարձակվի ուղիղ եթերով։ 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր այն վայրերում, որտեղ կոալիցիայի հարց է առաջացել, անկախ նրանից՝ առաջին տեղում ՔՊ-ն է, թե այլ ուժ, իշխանությունները բավական ակտիվ քննարկումների և «տասովկաների» մեջ են: Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտություն է կրել, սակայն հաղթող ուժը 50 տոկոս+1 քվե չի ստացել, իշխանությունները փորձում են ամեն գնով տապալել այլ ուժերի հնարավոր դաշինքը։

Ավելին, նախօրեին ողջ օրվա ընթացքում իշխանության ներկայացուցիչները վազվզոցի մեջ էին՝ փորձելով հնարավոր և անհնար բոլոր միջոցներով համապատասխան շրջանակների հետ կոնտակտի դուրս գալ և իրենց ցանկալի դրական արդյունքի հասնել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում նոր բունտ է հասունանում: Պարզվում է՝ եթե ՀՀ նախագահը որեւէ հիմքով առարկություն է ներկայացնում որեւէ դատավորի կամ թեկնածուի վերաբերյալ, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դա ընդունում է ի գիտություն: Իսկ, եթե դատավորը կամ թեկնածուն ԲԴԽ-ում ծանոթ ունեն, ապա հնարավոր է լինում շրջանցել ՀՀ նախագահի առարկությունները:

Սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հրապարակել էր հայտարարության՝ առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը: Պարզվում է, որ Ժորա Չիչոյանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Սերգեյ Չիչոյանի հարազատ եղբոր տղան է, դրա համար էլ օրենքի ուժը «աշխատել է»:

Ժորա Չիչոյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, եւ ՀՀ նախագահը Ժորա Չիչոյանի՝ դատավորի նշանակման դիմումը չի ստորագրել ու առարկություններով հետ է ուղարկել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցելու, եւ բավականին խիստ է դրվել հարցը. պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկներ Աթիլլա Չիչեքին եւ Հուսեյին Յըլդրըմին Թուրքիայում հայտնվել:

Ինչպե՞ս են նրանք հայտնվել Թուրքիայում, ահա հենց այս առեղծվածն էլ, հուսանք, կպարզի Ազգային անվտանգության ծառայությունը: Ավելի վաղ նրանց արտահանձնումը հերքել էր նաեւ արդարադատության նախարարությունը: Փաստորեն, պետական ատյանները անտեղյակ են՝ մեր երկրից Թուրքիա հայտնված քրդերի դեպքից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կոլապսային իրավիճակ Սիսիանում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները Սիսիանի ընտրությունների արդյունքները համարել են կոլապս եւ չգիտեն՝ ինչ է սպասվում Սիսիանում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ քննարկվել է վերաքվեարկության հարցը` առանց ՔՊ-ի, կամ, միգուցե, նոր ընտրությունների կազմակերպման տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սիսիան եւ Լոռու մարզի Ալավերդի համայնքների ՏԻՄ ընտրություններում գրանցած արդյունքներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար անակնկալ են եղել: Վերջիններս մինչեւ վերջ համոզված են եղել, որ չնայած ամեն ինչին՝ իրենց հաջողվելու է այդ համայնքներում առավելություն ունենալ. շատ օրենսդիրներ անձամբ էին քարոզարշավ անում: Իհարկե, Սիսիանում ՔՊ-ն առավելություն ունի, սակայն միանձնյա՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար ոչ բավարար թվով է ձայներ ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սիսիան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն անում էր ամեն ինչ, որ Սիսիանի քաղաքապետ ընտրվի Արմեն Հակոբջանյանը: 

«Ժողովուրդ» օրարթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանական համակարգում բազաթիվ դեպքեր են գրանցվել, երբ մանկավարժը (ընդհուպ՝ երեւանյան դպրոցներում աշխատող) թողել է ուսուցչի աշխատանքն ու դիմել Պարեկային ծառայություն՝ աշխատանքի:

«Իրավունք» թերթը գրում է.

«Տեւական ժամանակ իշխանության կողմից քաղաքական հետապնդումների ենթարկված Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը առողջական խնդիրներով պայմանավորված` հրաժարականի դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները դադարեցվել են: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց փաստաբան  Հովհաննես Չամսարյանի հետ:

- Ալեքսանդր Ազարյանն այլեւս դատավոր չէ, եւ սա նշանակում է, որ ՀՀ-ում, առնվազն քրեական գործերով արդարադատությունն իրականացվելու է թերի: Ալեքսանդր Ազարյանն այդ դատական համակարգի վերջնականապես չկործանման միակ հույսն էր»:

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարին: Այս երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցի, հետո արդեն՝ 44-օրյա պատերազմի մասին խիստ հակասական հայտարարություններ է արել ու խաբել ժողովրդին՝ մե՛կ ասելով, թե կարող էր կանխել պատերազմը, մե՛կ ասելով, թե դա հնարավոր չէր: