Մտահոգություն, խորը մտահոգություն ու այսքանը...

«ՄԱԿ–ի ԱԽ քննարկումը Լաչինի միջանցքը բացելու հավաքական կոչ էր, բայց չկար խոսք այն մասին, թե ինչ կլինի, երբ Ադրբեջանն արհամարհի այս կոչը..
Որպես ամփոփում կարող եմ ասել, որ քանի դեռ չի խոսվում իրական գործողությունների մասին, Բաքուն չի լսելու միջազգային կոչերը և չի գնալու միջանցքի բացմանը»,- սա հատված է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումից:
Ընդհանուր առմամբ, հենց այս տրամադրություններն էին գերիշխող ՄԱԿ ԱԽ-ում, որը գործնականում որևէ բան չի փոխելու այն համատեքստում, որը ստեղծվել է ԼՂ-ի ու Լաչինի միջանցքի շուրջ: Պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ գնահատմամբ՝ «ՄԱԿ-ի ԱԽ-ն սեփական արշավի համար օգտագործելու Հայաստանի փորձերը ձախողվեցին»։
Ընդհանուր առմամբ, արդարացան բոլոր իրատեսական կանխատեսումները, որոնք կառուցվում էին այն թեզի շուրջ, թե ՄԱԿ ԱԽ-ն «հրեշտակի դուռ» չէ, որը հրաշքով լուծի բոլոր խնդիրները, մանավանդ, որ հայկական օրակարգի կամ Ադրբեջանի դեմ ճնշումներ գործադրելու հարցում գոյություն չունի միջազգային կոնսենսուս կամ ըմբռնում Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև:
Մենք պարտավոր ենք ռեալ գնահատել գետնի վրա ստեղծված իրավիճակը. միջազգային որևէ դերակատար այլևս պատրաստ չէ քննարկել որևէ տարբերակ, որը քաղաքական սուբյեկտություն է ենթադրում ԼՂ-ի համար ու առավելագույնը կարող ենք հասնել ինչ-որ երաշխիքների, որոնք կարող են երաշխավորել մեր հայրենակիցների կյանքը իրենց հայրենիքում:
Իհարկե, կարող ենք անվերջ քննադատել երեկ հրապարակայնացված ռուսական առաջարկները, բայց դրանից իրավիճակը չի փոխվում: Մեզ ավելի լավ առաջարկ չի արվելու, մանավանդ, որ ժամանակն ամենևին էլ մեր օգտին չի աշխատում:
Վահրամ Բագրատյան