«Հայաքվե». ո՞ւր են տանում ճանապարհները

«Քանի որ չորեքշաբթին տոնական էր ու աշխատել ենք ընդամենը 5 լիարժեք օր, այդ ընթացքում հավաքել ենք 14 800 ստորագրություն, որից 10 000-ը հավաքել ենք Երևանի 12 վարչական շրջաններում, 4 500-ը՝ մարզերում, 330-ը հավաքվել է էլեկտրոնային ստորագրությունների միջոցով»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ դեռևս 6 շաբաթ ունեն ստորագրահավաքի համար:
«Հայաքվե» նախաձեռնությունը մտադիր է հանդես գալ օրենսդրության փոփոխության պահանջով, որով խիստ պատիժ՝ 10-15 տարի, կսահմանվի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու որոշում կընդունեն: Որպեսզի օրենսդրական նման փոփոխություն լինի, պետք է 50 հազար քաղաքացու ստորագրություն: նԵթե խորհրդարանը մերժի օրենսդրական նախաձեռնությունը, հաջորդ քայլով 300 հազար ստորագրությամբ հարցը հանրաքվեի կդրվի:
Այս պահին երկու իրողություններ ակնհայտ են՝ առաջին փուլում 50000 ստորագրություն հավաքվելու է, մյուս կողմից՝ ՔՊ-ն մերժելու է նախաձեռնողների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը:
ՔՊ-ի նարատիվը նույնիսկ քննարկելի չէ, որովհետև խիստ պարզունակ ու կեղծ է «Հայաքվեն» համարել «պատերազմի ճանապարհ»:
Եթե դուրս գանք իշխանության կեղծ թեզերից, միանգամայն քննարկելի է այլ հարց՝ ինչքանո՞վ է էֆեկտիվ այս նախաձեռնությունը:
Այստեղ արդեն հարցերը բազմաթիվ են, որովհետև դեռևս չի արձանագրվել մի դեպք, երբ ազգային օրենսդրական կարգավորումները կարողանան փոխել բանակցային համատեքստը, ազդել տարածաշրջանում ուժերի բալանսի վրա, նպաստել պաշտպանական և դիվանագիտական կարողությունների մեծացմանը:
«Հայաքվեն» բացառություն չի լինելու, այլ խնդիր է, որ այս գործընթացը կարող է դառնալ քաղաքական, հանրային պոզիտիվ գործընթացի խթան:
Վահրամ Բագրատյան