Արցախը Հայաստանի համար երբեք բեռ չի եղել․ Սամվել Բաբայան

Արցախը Հայաստանի համար երբեք բեռ չի եղել․ Սամվել Բաբայան

2023 թվականն Արցախի համար ծանր սկսվեց՝ բլոկադա էր, բայց հիմա արցախցիներից շատերը երանի են տալիս շրջափակման օրերին, ասում են՝ «ավելի լավ էր շրջափակումը շարունակվեր, քան իրենց երկիրը կորցնեին»։

Ո՞վ է մեղավոր, ո՞վ հանձնեց Արցախն, հավատա՞լ Արցախի վերադարձին․ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը MediaHub-ի հետ զրուցում վստահեցնում է՝ Արցախը վերադարձնելու շանսեր կան։

«Արցախում իշխանություն չի եղել, այդ իշխանությունն առաջին օրվանից անգործության է մատնված եղել։ Արցախը մինչև 2018 թվականը Երևանից էին կառավարում, դրանից հետո էլ Երևանն ընդհանրապես չմասնակցեց իշխանության կառավարմանը, թողեց, որ ինքնուրույն կառավարվեն, իսկ այդ ինքնուրույն կառավարման պատկերն էլ տեսնում եք։ Ամենաթողություն էր, չէր կառավարվում Արցախը, օրենք չկար։ Միայն Արցախի իշխանությունը չէր մեղավոր, մեղավոր էր նաև Հայաստանի իշխանությունը, որը հայտարարեց, թե Ղարաբաղի ներքին հարցերին չի խառնվելու, ասում էին՝ «առանձին պետություն է», բայց իրականում միտումնավոր էին անում, որ Արցախի պարտությանը մասնակից չլինեն»։

Բաբայանի խոսքով՝ Արցախի էջը երբևէ փակված համարել չի կարելի։ «Արցախի հարցը կլուծվի այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր ամպոտ ոտքերով կիջնի երկնքից։ Խնդիրը լուծվելու է, երբ պահպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ինքնավար հանրապետության շրջանակներում կարողանանք այդ խնդիրները լուծել, եթե սա չլինի, ապա տարածաշրջանում նոր պատերազմ է սպասվելու, շահերի բախում ենք տեսնելու․ Պարսկաստան, Թուրքիա, Ռուսաստան, սրանց շահերը չեն կարող համընկնել, ու Կովկասում կոնֆլիկտ է լինելու»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանության անդամներն ասում են՝ այս 30 տարիների ընթացքում Հայաստանն առաջ է շարժվել Արցախի շահերով և անտեսել իր իսկ շահը, իսկ հիմա ժամանակն է, որ ամեն ինչ փոխվի՝ կարևորելով ՀՀ-ի անկախությունը, վերջինս արձագանքեց․ «Այսպես, թե այնպես հիմա Արցախը վերադարձնելու հարցում ՀՀ իշխանությունը ոչինչ անել չի կարող։ Արցախը երբեք Հայաստանի համար բեռ չի եղել, ուղղակի ցավոք ամեն ինչ չենք կարող հրապարակային ասել։ Արցախի խնդիրն այն է եղել, որ հարթավայրային տարածքում զորք ենք պահել, նորմալ չենք զինել, ու մեր մեղքը պետք է ուրիշի վրա չբարդենք։ Այս ամենի մասին պետք է բոլորս հասկանանք, մեր անվտանգության հարցը պետք է կարևորենք, բայց այնպես չէ, որ Հայաստանին Արցախը խանգարել է։ Ղարաբաղը պատճառ մի դարձրեք, դուք հիմա կարող եք ձեր անվտանգությունը պահպանել, դե պահպանեք։ Պետք է հասկանանք, որ պարտքով երկիր չեն պահում, խնդիրն այն է, որ մեր երկիրը պետք է ինքնաբավ դարձնենք։ Պետք է բանակցել ու այդ ժամանակ ակնհայտ կդառնա, որ Ղարաբաղը խանգարող չէ, այլ հակառակը՝ մերձեցնելու է Ադրբեջանին ու Հայաստանին, երբ հստակ բանակցություն լիներ, այս պատկերը չէր լինի, հիմա միայն թշնամանքն է սրանում»։

Խաղաղության պայմանագրի մասին խոսելիս Բաբայանը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը  իրար պատերազմ չեն հայտարարել, որ հիմա խաղաղության պայմանագիր ստորագրեն, կոնֆլիկտը եղել է Ադրբեջան-Արցախ։

«Եթե ուղղակի ստորագրել են ուզում, թող ստորագրեն, եթե մեր խնդիրը դեմարկացիա-դելիմիտացիան է կամ ճանապարհները բացելն է, ապա պետք է այլ անուն տան այդ պայմանագրին։ Ես չգիտեմ, թե ինչ կետեր կան այնտեղ, բայց մի շարք գործոններ կան, որոնցով պարզ է՝ այն խաղաղության պայմանագիր չէ, թուղթ են ստորագրելու, որը որևէ բան չի տալու մեզ»,- հավելեց Սամվել Բաբայանը։

Լիաննա Թորոսյան