ՍՊԸ-ին պատկանող բեռնատար ГАЗель-ում հրդեհ է բռնկվել. նոր մանրամասներ

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ Կաթնաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Խաչատուր Էլոյանը, Նարեկ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Կարեն Վարդանյանը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել ГАЗель մակնիշի բեռնատարում: Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում ոստիկանության Կոտայքի բաժնում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Արմեն Համիկ» ՍՊԸ-ին: