Պոլիկլինիկաների վերակազմակերպումը բերելու է պայմանների բարելավման, օպտիմալացման խնդիր չկա

Երևանյան մի շարք պոլիկլինիկաներում արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպում: Դրանցից են նաև «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որը միանալու է «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին և թիվ 1, 5 պոլիկլինիկաներն ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունը, որոնք նախանշվում է միացնել թիվ 4 պոլիկլինիկային: Նախաձեռնության նպատակն անձամբ աշխատակիցներին ներկայացնելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ավագանու անդամների հետ այցելել է նախագծում ընդգրկված բուժհաստատություններ:
«Բարեփոխումները երբեմն ենթադրում են ոչ շատ հեշտ տրվող որոշումներ: Այսօր եկել ենք ձեզ հետ խոսելու այդ որոշումներից մեկի մասին: Փոքր պոլիկլինիկաները, հաշվի առնելով առողջապահության նախարարության ֆինանսավորման մեխանիզմը, գոյատևում են… Եկեք խոստովանենք, որ այս պոլիկլինիկան ևս գոյատևող է: Այս սենյակը, որտեղ մենք հիմա նստած ենք, այս պայմանները, այս գույքը իմ ասածի ամենաակնհայտ հիմնավորումներից ու ապացույցներից մեկն է: Եթե այս հիմնարկը լավ, առողջ ֆինանսական վիճակ ունենար, մենք հիմա ավելի բարվոք, ժամանակակից և ընդունելի ժողովների սրահում նստած կլինեինք»,- նկատում է Գևորգ Սիմոնյանը: