Սպաներին ու ենթասպաներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ կտրամադրվի

Նախատեսվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թվականի շրջանակում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին։ Այդ մասին այսօր կառավարության նիստին ասաց ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում հիփոթեքային վարկ կտրամադրվի 526 զինծառայողի։

Նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մանրամասնեց՝ նշելով, որ նախագծից օգտվելու դեպքում մայր գումարի 10%-ը և վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը։

«Այս տարի 1018 զինծառայող է դիմել, և առաջնահերթության կարգով ու վիճակահանությամբ ընտրվել է 492 զինծառայող։ Այս նախագծով արդեն մյուս 526 զինծառայողներն էլ կստանան տեղեկանք»,- ասաց Մաթևոսյանը։