Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղևորությունը Մերձավոր Արևելք, մասնավորապես՝ Իսրայել

Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղևորությունը Մերձավոր Արևելք, մասնավորապես՝ Իսրայել

Ընթանում է ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի առաջին ուղևորությունը Մերձավոր Արևելք։ Օրակարգում Իրանի միջուկային տերություն դառնալու կանխարգելմանն ուղղված բանակցություններն են, Իսրայել-Սաուդիան Արաբիա դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը և համաշխարհային շուկա Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալների ավելացումը։

Բայդենի առաջին կանգառը Իսրայելն է: Վերլուծաբանների համոզմամբ, Բայդենը Մերձավոր Արևելք է ժամանել տարածաշրջանի ամենաբարդ ու չհանգուցալուծված կոնֆլիկտների կարգավորման մասին շատ քիչ ասելիքով։

Բրիտանական Economist-ը մասնավորապես նկատում է, որ նրա եռօրյա այցը Իսրայել և Պաղեստին ավելի շատ արարողակարգային բնույթ ունի, որը ընթանում է ձեռքսեղման արարողություններով և մի քանի տեսարժան վայրեր այցելություններով։ 

Իսրայելի էկոնոմիկայի նախարարության կողմից պատրաստված փաստաթղթի համաձայն, գործող ռեժիմը ձգտում է կառուցել առևտրային միջանցք՝ ներառյալ մայրուղի և երկաթուղային գիծ՝ Իսրայելը Հորդանանին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին կապելու համար. նշվում է The Jerusalem Post-ը երեկ հրապարակված հոդվածում;

Մասնավորապես, պաշտոնյաները ծրագրում են քննարկել առաջարկը, որը կոչվում է «Տնտեսական համերաշխության միջանցքներ»: Ի՞նչ է սա նշանակում:

Իսրայելի էկոնոմիկայի նախարարության փաստաթղթում ասվում է, որ Պարսից ծոցի և Միջերկրական ծովի միջև ուղիղ կապի հաստատման դեպքում Արևելքի և Արևմուտքի միջև ապրանքների փոխադրման ժամկետները մեծապես կկրճատվեն։ Փաստաթղթում ասվում է, որ այս ցանցը կհեշտացնի առևտուրը Պարսից ծոցի, Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Ամերիկա մայրցամաքի Արևելյան ափի միջև։ 

Նախագահ Բայդենի մերձավորարևելյան ուղևորության ամենաառանցքային կետերից մեկն էլ Բայդենի՝ Թել Ավիվից առաջին ուղիղ թռիչքն է դեպի Սաուդյան Արաբիայի առևտրային մայրաքաղաք Ջիդդա, որը, ըստ փորձագետների, Իսրայելի և Սաուդիան Արաբիայի դիվանագիտական հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան է։

Բայդենը, հավանաբար, կոչ կանի Սաուդյան Արաբիային՝ կարգովորել հարաբերությունները Իսրայելի հետ, ինչպես նաև՝ որպես ռուսական նավթի այլընտրանք, ավելացնել նավթի արդյունահանման ծավալները համաշխարհային շուկա, որը կնպաստի ԱՄՆ-ում հասունացող ճգնաժամի կանխարգելմանը՝ չեզոքացնելով նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների սպառնալիքները։

ԱՄՆ նախագահը պնդել է, որ չի մեկնում Ջիդդա արքայազն Սալմանին հանդիպելու համար, այլ մասնակցելու է ավելի ընդլայնված ձևաչափով հանդիպումների՝ Պարսից ծոցի 6 երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի առաջնորդների հետ։ 

Այս ամենին զուգահեռ, Ստամբուլում էլ ընթացել է քառակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև, որի արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ստամբուլում հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն ստեղծելու մասին:

 

Ռեբեկա Հովհաննիսյան