Փաշինյանը «մեղավոր նշանակեց» բանակին ու Ռուսաստանին
«Պատերազմից առաջ գոյություն ունեին պայմաններ, երբ գիտեինք, որ ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ ի վիճակի ենք գործել «ոչ մի քայլ ետ» տրամաբանությամբ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեր տպավորությամբ՝ սա երեկվա ասուլիսի ամենաառանցքային դրվագն է, որովհետև անգամ պատերազմի պարտությունից 2-3 տարի հետո, Փաշինյանը կարծում է, թե ինքն անմեղ է, չի ունեցել դիվանագիտական ձախողում և մեղավորներ պետք է փնտրել իր իշխանության շրջանակից դուրս:
Ընդ որում, Փաշինյանը միանգամայն «անկեղծ» տալիս է «մեղավորների» անունները՝ դա «ուժեղ բանակն» է, որը Փաշինյանի տպավորությամբ՝ փաստորեն ուժեղ չի եղել ու պարտվել է ու «հուսալի դաշնակից» Ռուսաստանն է, որը դարձյալ Փաշինյանի տրամաբանությամբ՝ այնքան էլ հուսալի չի եղել ու փաստորեն «գցել» է Հայաստանին:
Իհարկե, Փաշինյանի ասածները ծայրից ծայր մանիպուլյացիա են:
«Նոր պատերազմ, նոր տարածքներ». սա եղել է Փաշինյան- Տոնոյան զույգի պաշտոնական դոկտրինը պատերազմից առաջ: Արդյո՞ք Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի բանակը կարող էր նման արկածախնդիր օրակարգ սպասարկել:
Ինչո՞ւ ենք նման հարցադրում անում:
Բանն այն է, որ Փաշինյանից ու Տոնոյանից բացի՝ բանակի ոչ մի այլ բարձրաստիճան պաշտոնյա նման բարձրագոչ հայտարարություն չի արել:
Կամ ինչպե՞ս էր Փաշինյանը հույսը դրել այն բանի վրա, որ Ռուսաստանը երաշխավորելու է նախապատերազմյան ստատուս-քվոն, եթե 2012թ-ից հետո Մոսկվայի քաղաքականությունն այլ բանի մասին էր, իսկ 2019-20թթ-ին Լավրովը բացահայտ հայտարարում էր, որ Երևանը տորպեդահարում է բանակցային գործընթացը:
Այսքանից հետո ինչպե՞ս հավատալ, որ Փաշինյանը Հայաստանը զերծ է պահելու նոր արկածախնդրությունից ու փորձանքից:
Վահրամ Բագրատյան