Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել։
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) հոդվածներով։
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը, 2006-2008թթ․ զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լիազորություններն անցնելուն։
Ըստ մեղադրող դատախազի՝ Արմեն Գևորգյանը նաև առանձնապես խոշոր չափերով` 1 մլն դոլար կաշառք է ստացել Սիլվա Համբարձումյանից՝ նպաստելով նրա ընկերության օգտին գործողություններ կատարելուն։ Մեղադրանքի համաձայն՝ խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը` Գևորգյանն օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Գործարար Սիլվա Համբարձումյանը դեռ 2018թ․ հայտարարել էր, որ 2008թ․ խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Համբարձումյանը նշել էր, որ որպես միջնորդ է հանդես եկել գործարար Սամվել Մայրապետյանը: