Ընդդեմ ռուսների՞, թե՞ ի վնաս հայերի կամ Մոսկվայի փոխարեն թող գնան Դյուսելդորֆի Green Week

Ընդդեմ ռուսների՞, թե՞ ի վնաս հայերի կամ Մոսկվայի փոխարեն թող գնան Դյուսելդորֆի Green Week

Mediahub-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, հերթական հակառուսական արշավի շրջանակներում որոշել է այլևս չֆինանսավորել Մոսկվայում ամեն տարի փետրվարին անցկացվող ProdExpo սննդի և խմիչքների ամենամյա ցուցահանդեսին հայ գործարարների մասնակցությունը։ Նախարարությունից դա փորձել էին հիմնավորել նրանով, թե իրենք այդպիսով նպատակ ունեն դիվերսիֆիկացնել շուկաները՝ փորձելով արտահանողների համար այլ շուկաներ գտնել, օրինակ, Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում։ 

Այս քայլին գնալուց առաջ էկոնոմիկայի նախարարությունն ու անձամբ ռուսական շուկաներին այլընտրանք փնտրող Վահան Քերոբյանը պետք է, որ իմանային, որ հայ կոնյակագործների և գինեգործների համար իրենց բիզնեսի գոյության միակ և գլխավոր երաշխիքը հենց ռուսական շուկան է, որտեղ իրենք իրացնում են իրենց արտադրանքի ավելի քան 80 տոկոսը։ Իսկ մյուս՝ արևմտյան և արևելյան, նույնիսկ ԱՊՀ երկրների շուկաներ տարեկան մի քանի հազար շիշ խմիչք հազիվ է արտահանվում։ Ու հիմա Վահան Քերոբյանն ու իր ներկայացրած կառավարությունը ուզում են կտրել հայ արտահանողներին իրենց սնուցման հիմնական աղբյուրից՝ չապահովելով 100 տոկոսանոց համարժեք այլընտրանք՝ ի դեմս այլ երկրների շուկաների։ Դիտավորյա՞լ են անում, որ Հայաստանում բիզնեսի այս ճյուղը մեռնի, ոչնչանա, թե՞ չգիտակցված՝ խելքի, պրոֆեսիոնալիզմի, բիզնեսի վերաբերյալ պատշաճ գիտելիքների և կամ հայրենասիրության ակնհայտ պակասից, կարող են խոստովանել իրենք։ Բայց փաստ է, որ հայ արտահանողները այս պահին կանգնած են էկոնոմիկայի նախարարության՝ հակառուսական կապրիզների հետևանքով առաջացող փաստի առջև, և Վահան Քերոբյանի ղեկավարած նախարարությունից պիտի գիտակցեն մի պարզ ճշմարտություն, որ իրենց էժանագին հակառուսական քաղաքականությունը այդքան ընդդեմ ռուսների չէ, որքան ի վնաս Հայաստանի ու հայկական բիզնեսի։

Մենք տեղեկացանք, որ Մոսկվայի ProdExpo-ից հրաժարված էկոնոմիկայի նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, որոշել է փոխարենը աջակցել, որ հայ գործարարները եկող շաբաթ մասնակցեն Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող Green Week ցուցահանդեսին։

Սա հաստատեցին ինչպես նախարարությունից, այնպես էլ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ։ Օրինակ՝ «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանի տնօրեն Մակար Պետրոսյանը Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ Green Week («Կանաչ շաբաթ») ցուցահանդեսը Եվրոպայի մասշտաբով ամենահեղինակավոր ու ամենամաշստաբային ցուցահանդեսն է։

«Այսինքն, երբ մենք մասնակցում ենք այդ ցուցահանդեսին Եվրոպայում, մենք չենք մասնակցում, որ միայն Եվրոպայում վաճառենք․ ամբողջ աշխարհից են գալիս այնտեղ։ Այսինքն` և՛ մնացած եվրոպական երկրներից են գալիս, և՛ ասիական երկրներից են գալիս, այլ բան է, որ Չինաստանում, որ մասնակցում ենք, արդյունավետությունը ասիական շուկայի համար ավելի բարձր է, ու ավելի մեծ է, քան Green Week-ում, բայց այնտեղ, որ մասնակցում ենք, միայն Եվրոպայի համար չէ, որ դիտարկվում է»,- ասաց Մակար Պետրոսյանը։

Հարցին՝ կառավարությունը աջակցո՞ւմ է գործարարներին, որ մասնակցեն Դյուսելդորֆի այդ ցուցահանդեսին, ՄԱՊ ընկերության ղեկավարն ասաց, որ ինչպես Մոսկվայի ProdExpo-ին էր աջակցում, իսկ այս տարի այլևս չի աջակցում, այնպես էլ այս դեպքում է աջակցելու։ Եւ այս երկու ցուցահանդեսները շատ նման են իրար իրենց կառուցվածքով։

«Պետությունը վերցնում է մի հատ մեծ տաղավար, ու մասերի բաժանելով՝ տալիս է հայ արտադրողներին, յուրաքանչյուրը՝ մոտ 6 կամ 8 քմ մակերեսով։ Բայց շահառուները հիմնականում լինում են միջին և փոքր ընկերությունները։ Օրինակ՝ ՄԱՊ ընկերությունը և՛ ProdExpo-ին է մասնակցում, և՛ Green Week-ին, բայց մենք պետությունից տաղավար չենք վերցնում, որովհետև պետությանը տվածը շատ փոքր է։ Մենք շատ ավելի մեծ գումար ենք ծախսում մեր միջոցներից և մեծ ներդրում ենք անում, որ մեծ տաղավար վերցնենք, որովհետև մեր ծավալներն էլ է մեծ, տեսականին էլ։ Բայց ես կարող եմ վստահորեն ասել, որ փոքր ու միջին արտադրողների համար կենսական նշանակություն ունեն նման ցուցահանդեսներին մասնակցելը՝ շատ մեծ հեռանկարներ բացելով նրանց համար»,- ասաց մեր զրուցակիցը։

ՄԱՊ գործարանի տնօրեն Մակար Պետրոսյանի և կոնյակ ու գինի արտահանող այլ ընկերությունների հետ մեր՝ ավելի համապարփակ հարցազրույցները կներկայացնենք հաջորդիվ։

Վահե Մակարյան