Ինչո՞վ է զբաղված ոստիկանությունը․ կրիմինալ բում

Ինչո՞վ է զբաղված ոստիկանությունը․ կրիմինալ բում

Մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, կրակոցներն արձակվել են Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ։ Վիրավորը Հովհաննես Ղազարյանն է՝ Արտաշատում հայտնի «Գազի Հովոն»:

Եթե աղմկահարույց այս պատմությունը եզակի լիներ, այն կթողնեինք քրեական խրոնիկայում՝ չարժանացնելով մեր հատուկ անդրադարձին։

Բայց բոլորս ենք նկատել, որ վերջին շրջանում երկրում շատացել են հրազենային օգտագործման դեպքերը, կրիմինալ, այսպես կոչված, «ռազբորկաները»։

Ինչո՞ւ է այսպիսի վիճակ։

Տարածված վարկածն այն է, որ ոստիկանության ղեկավարություն  իր տեղում չէ։ Այս վարկածը բացառել չի կարելի, իհարկե, որովհետև, օրինակ, Վահե Ղազարյանը՝ թեև ոստիկանության երկարամյա աշխատող է, բայց պետ դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է։

Ոչ մի երաշխիք չկա, որ նույն սկզբունքով էլ նշանակումները չի կատարում ոստիկանության պետը, ինչի հետևանքով իրավապահ մարմինը կարող է ունենալ խնդիրներ ֆունկցիոնալ գործունեության դաշտում։

Մյուս կողմից, անարդար է խնդիրները բարդել միայն ոստիկանության ու նրա պետի վրա։ Դա կլիներ խիստ մակերեսային ու պարզունակ անալիզ։

Հայաստանում, մեծ հաշվով՝ կառավարման ճգնաժամ է բոլոր ոլորտներում։

ԶՈւ-երում ոչ կանոնադրական հարաբերություններն՝ ուղեկցված մարդկային կորուստներով, նորանոր դրսևորումներ են ունենում, առողջապահության համակարգում չկան բարեփոխումներ, ինչի հետևանքով՝ սոցիալապես անապահով խավերն ունենում են բուժսպասարկման խնդիրներ։ Թվարկումն, իհարկե, կարող ենք շարունակել, բայց վերադառնանք ոստիկանությանը։

Երբ Փաշինյանը ոստիկանությունը վերածել է անձնական թիկնազորի կամ ընդդիմության դեմ պայքարի գործիքի, ապա այս ծառայությունից դժվար է արդյունավետ գործունեություն ակնկալելն՝ անկախ պետի ով լինելուց։

Ու այս համատեքստում՝ զարմանալի չէ, որ երկրում կրիմինալ բում է։

Վահրամ Բագրատյան