Քաղաքապետը բնակիչների խնդիրները լուծելու համար գնում է նրանց տուն՝ ընթրելու

Քաղաքապետը բնակիչների խնդիրները լուծելու համար գնում է նրանց տուն՝ ընթրելու

Իսպանական Չիրիվելյա փոքրիկ քաղաքի քաղաքապետ Միշել Մոնթաներ Բերբելը որոշել է չսահմանափակվել իր աշխատասենյակում աշխատանքով և սկսել է կապ հաստատել քաղաքի բնակիչների հետ փոքր-ինչ անսովոր ձևով, փոխանցում է Lurer.com-ը։

Մոնթաներն սկսել է այցելել տեղի բնակիչների տներ և ճաշել նրանց հետ։ Քաղաքապետի խոսքով՝ սեղանի շուրջ իրեն ասում են, թե ինչն է իրենց անհանգստացնում, ինչ խնդիրներ ունեն, ինչ օգնության կարիք ունեն։

Քաղաքապետն առանց հրավերի այցելության չի գնում։ Նաև դատարկաձեռն չի ժամանում, այլ միշտ աղանդեր է տանում իր հետ։

Մի քանի շաբաթ առաջ Մոնթաները հրապարակավ հայտարարեց, որ այցելելու է նրան, ով կհրավիրի իրեն։ Եվ զարմացած էր, թե ինչ հեշտությամբ ընդամենը մի երկու օրվա ընթացքում հարյուրից ավելի հրավերներ ստացավ։

Քաղաքապետը, ով արդեն մեկ տասնյակից ավելի անգամ ճաշել է տարբեր տներում, ասել է, որ բնակիչներն իր հետ քննարկում են տարբեր, այդ թվում՝ անձնական հարցեր, հնչում են նաև քննադատություններ։

Ճիշտ է, նա մինչ օրս չի արձագանքել աղմկահարույց արտահայտություններին այն մասին, որ քաղաքապետը ժողովրդի հետ մտերմացել է հաջորդ ավագանու ընտրությունների նախաշեմին, իսկ մինչ այդ նա հազվադեպ էր հեռանում իր աշխատասենյակից։

Չիրիվելյայում, որը գտնվում է իսպանական Վալենսիայում, ապրում է մոտ 30 հազար մարդ։