Հումանիտար օգնության միջազգային օր․ ի՞նչ աջակցություններ է ստացել Հայաստանը

Հումանիտար օգնության միջազգային օր․ ի՞նչ աջակցություններ է ստացել Հայաստանը

Օգոստոսի 19-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հումանիտար օգնության միջազգային օր, որը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2008թ.-ի դեկտեմբերի 11-ի 63/139 բանաձևով: Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2003թ.-ի օգոստոսի 19-ին Իրաքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Այն ժամանակ 22 մարդ էր զոհվել, այդ թվում` ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սերժիու Վիեյրա դի Մելլուն:   Օրվա հռչակումը կոչված է հանրության շրջանում բարձրացնելու տեղեկացվածությունն ամբողջ աշխարհում հումանիտար օգնության վերաբերյալ և ընդգծելու այս ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը:

Հումանիտար աջակցության անհրաժեշտություն լինելը հատկապես տեսանելի է ծանր, օրհասական օրերին։ Այսպես, օրինակ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

Երկրաշարժից հետո Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։

1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին: Սփյուռքից ևս մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ  մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Համանման պատկեր էր կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ անհրաժեշտ չափաքանակով դեղորայք էր տարբեր երկրներից ուղարկվում Հայաստան՝ հիվանդության դեմ պայքարի համար։ Այդ ընթացքում Հայաստանը աջակցություն ստացավ միջազգային այնպիսի կառույցներից, ինչպիսիք են՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր,  ՄԱԿ բնակչության հիմնադրամ,  ՄԱԿ մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ), Ասիական զարգացման բանկ,  Կայունացման և Զարգացման Եվրասիական Հիմնադրամ, Համաշխարհային բանկ,  Առողջապահության համաշխարհային կազմակերպություն,  Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն,  Եվրոպական միություն։

Մինչ մեր երկիրը աջակցություն էր ստանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, Հայաստանը կանգնեց մեկ այլ՝ գերծանր խնդրի առաջ։ Այդ ընթացքում աջակցության հիմնական ծրագրերն իրականացվում էր հայկական սփյուռքի կողմից։ Աշխարհի տարբեր ծագերից Հայաստան էր տեղափոխվում առաջին բուժօգնության համար անհրաժեշտ ամեն բան, տեսալսողական սարքեր, սնունդ, հագուստ։ Մեծ էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամ կատարված մուտքերի թիվը։ Աջակցություն տրամադրելու գործում ակտիվ էին նաև միջազգային կառույցները։ Օրինակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը միացավ ՀՀ կառավարությանը, և 2021թ-ի մայիսին մեկանգամյա կանխիկ դրամական աջակցություն տրամադրվեց 5000 երեխայի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ 25 հզ դրամ։