Սոթքի բնակիչներին չեն տարհանել, ադրբեջանցիները կրակում են միջդիրքային հատվածում

Սոթքի բնակիչներին չեն տարհանել, ադրբեջանցիները կրակում են միջդիրքային հատվածում

Իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է, բայց ադրբեջանական զորքը չի դադարեցնում կրակը․ MediaHub-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը առավոտյան 06։00-ին հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ըստ ՊՆ-ի, այս պահին ունենք 4 վիրավոր, զինվորներից երկուսի վիճակը բավարար է, երկուսինը՝ միջին ծանրության։ 
Շահնազարյանը հայտնեց, որ ադրբեջանական զորքը շարունակում է կրակել, բայց ոչ առավոտվա ինտենսիվությամբ։ Սոթք համայնքի բնակիչներին չեն տարհանել, քանի որ մարտական գործողությունները տեղի են ունենում Սոթքի միջդիրքային հատվածում, որը գյուղամիջից մի քանի մետրի վրա է։ 

«Գյուղացիներին չեն տարհանում, քանի որ միջդիրքային հատվածում է»,-նշեց նա։

Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումից 3 օր առաջ ադրբեջանական զորքը ծանր տեխնիկայի կիրառմամբ կրակ է բացում Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ։ 

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ բանակցություններից առաջ ադրբեջանական կողմի նման վարքագիծը խոսում է մեր իշխանությունների թուլության եւ սխալ քաղաքականության մասին.

«Բանակցություններից առաջ նման պահվածքը խոսում է Հայաստանի ղեկավարության թուլության մասին, ոչ ճիշտ քաղաքականության մասին։ Երբ մենք խաղաղություն աղերսողի դերում ենք, բնական է, որ մեզ փորձելու են պարտադրել իրենց ցանկությունները։ Եթե նայենք ադրբեջանական հռետորաբանությունը, ապա Ալիեւի ցանկությունն է ստանալ ամբողջ Հայաստանը, այդ թվում նաեւ Երեւանը»,- հավելեց նա։

Լիա Սարգսյան