Արցախը SOS կոչն է հնչեցնում, դիմում Մայր Հայաստանին ու համայն հայությանը. ի՞նչ է անելու ընդդիմությունը

Արցախը SOS կոչն է հնչեցնում, դիմում Մայր Հայաստանին ու համայն հայությանը. ի՞նչ է անելու ընդդիմությունը

Վաղը Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումից 24 ժամ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի իշխանությունների կազմակերպած համաժողովրդական շարժման ժամանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարում է, որ վիճակն օրհասական է ու հռետորական հարց հնչեցնում՝ ուղղված Հայաստանին, Ռուսաստանին եւ Արեւմուտքին․ 

«Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակներ ունենանք, որ արձագանքե՞ք, ուզում եք մանկահասակ երեխաների մահվան կրկնություններ, որ խելքի գա՞ք»։ 

Այս ուղերձը հայ ժողովրդին էլ է ուղղված՝ Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին, քանի որ, ասում են Արցախից, նրանք ևս անտարբեր են ու լուռ: Իսկ պրոտոկոլային ճառերից Ստեփանակերտում իրավիճակը չի լավանում, հակառակը՝ գնալով ավելի է սրվում:

Պահանջել ՀՀ իշխանությունից որևէ կերպ արձագանքել համաժողովրդական շարժմանը անիմաստ է՝ դրա ծննդի պատճառը հենց Հայաստանի վարած քաղաքականությունն է ու Նիկոլ Փաշինյանի շուրթերով Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը: Իսկ ընդդիմությո՞ւնը. ասելիք, անելիք չունե՞ն, գուցե սա լավ առիթ է Հայաստանում փորձել վերակենդանացնել համաժողովրդական շարժումը, ի վերջո՝ սա միայն Արցախի հարցը չէ, մեր բոլորիս գոյության հարցն է:

«Հայաստանի իշխանությունները շատ վաղուց ձեռքերը լվացել են Արցախից»,- հարցին ի պատասխան MediaHub-ի հետ զրույցում նկատում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Իսկ ի՞նչ է անում Արցախը փրկելու խոստումով խորհրդարանում հայտնված ընդդիմությունը։ 

«2-3 ժամից Ձեր հարցի պատասխանը կստանաք։ Հանրապետական» կուսակցությունը ԵՄ դեսպանատան մոտ փոքր մի բան է կազմակերպելու»,-ասաց նա։ 

Արդյո՞ք այս փոքր մի բանը համարժեք կլինի Հայաստանից օգնություն ապավինող արցախահայության սպասումներին, համարժեք կլինի հնչող այն կոչերին, որ բավական է լռե՛ք, մի բան արե՛ք։

«Ես կարծում եմ, որ «բավական է լռեքը եւ արձագանքեքը» առնվազն Հանրապետական կուսակցությանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության չի վերաբերվում»,-կարծում է Մամիջանյանը՝ զուգահեռաբար նշելով, որ զարմանում է, երբ Արցախից որեւէ մեկը Հայաստանի իշխանություններից արձագանքի է սպասում այդ հարցով։ Ռուս խաղաղապահներից սպասվող անվտանգային երաշխիքների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պատգամավորն ասաց, թե «Ղարաբաղի միտինգի կազմակերպիչներից պիտի հարցնեք, թե ինչ են իրենք ակնկալում»։ 

Արցախում ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք է լինելու ի վերջո. Մամիջանյանի խոսքով՝ քանի դեռ հիմնական բանակցողը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մնում է, ամեն հաջորդ օրը ավելի վատ է լինելու։

Այլ կերպ ասած՝ ոչ մի նոր բան...

Լիա Սարգսյան