Պետք է ուժ գտնենք՝ ընտրողներին բացատրելու, որ իրենց տված մանդատը մենք իրացնելու ենք․ Արթուր Վանեցյան

Կան մարդիկ, արտախորհրդարանական ուժեր, որոնք ընդդիմությանը մեղադրում են իրենց հույսերը չարդարացնելու մեջ։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան, ՀՀ ներքին մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ ութերորդ գումարման ԱԺ-ն սովորական պայմաններում չի ձևավորվել։
«Սա առաջին խորհրդարանն է պարտությունից հետո, և ընտրությունները տեղի ունեցան ակտիվ փողոցային պայքարից հետո։ Հանրությունը, որը մոտ ինը ամիս գտնվում էր փողոցային պայքարում, ուներ սպասելիք և մանդատ է տվել, որ պատգամավորները գնան ու այս իշխանություններին վռնդեն»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ որոշ չափով օբյեկտիվ է իրենց ընդդիմախոսների գնահատականը, բայց նաև պետք է հասկանալ, որ կան իրողություններ, որոնցից հնարավոր չէ փախչել կամ խուսափել։
«Ունենք արձանագրված փաստ, հիմա պետք է ուժ գտնենք՝ ընտրողներին բացատրելու, որ իրենց տված մանդատը մենք իրացնելու ենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։