«Քրեական ենթամշակույթը»՝ ՔՊ-ում

«Քրեական ենթամշակույթը»՝ ՔՊ-ում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, ով խոսքով հեղափոխության «լուսավոր գաղափարների» կրող է, իսկ գործնականում հարում է քրեական ենթամշակույթին: 

Ի՞նչ է անում «Նորատուսցի Ալիկը» պատգամավորի շրջապատում 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արվեստի ներկայացուցիչ պատգամավորը (նկարիչ է), մշակույթին զուգահեռ, նաեւ քրեական ենթամշակույթով է տարված ու թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում ուղիղ կապ է ստեղծում, ապահովում կապը քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ օրվա իշխանությունների միջեւ։

Թերթին հայտնի է դարձել, որ օրերս՝ Դանիելյանի հոր մահվան տարելիցի արարողությանը, ի թիվս մի շարք պաշտոնյաների ու տեղացի ուժայինների (Սյունիքի մարզպետն, ի դեպ, ներկա չի եղել), մասնակցելիս է եղել նաեւ Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը։

«Նորատուսցի Ալիկն ինձ շատ մտերիմ մարդ է։ Ես չգիտեմ, թե ովքեր են համարվում քրեական աշխարհից, որ ասեմ՝ ովքեր են եղել արարողությանը։ Շատ մարդիկ են եղել՝ ոստիկաններ, պատգամավորներ, ես, բնականաբար, չեմ կարող հիշել, թե այդ օրը ովքեր են եկել, գնացել։ Իհարկե, սա շահարկման թեմա չէր, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է խոսվում այս մասին»,- ավելի վաղ MediaHub.am-ի հետ զրույցում ասել էր պատգամավորը։ 

Երկերեսանի իշխանությունը 

Իհարկե, ցանկացած մարդ ունի իր անձնական շրջապատը: Բայց համաձայնեք՝ հանրային գործիչը, որպես կանոն, որոշակիորեն կաշկանդված է իր շփումների մեջ: Օրինակ, ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ պատգամավորն ու կրիմինալը, մանավանդ, որ պատգամավորի քաղաքական շեֆ վարչապետը 2018-ից «հետևողական» պայքար է մղում քրեական ենթամշակույթի դեմ:

Վահրամ Բագրատյան